Home / Հայաստան / Տավուշցիները դեմ են համայնքների խոշորացմանը․ սպասում են նախագահի և օմբուդսմենի պատասխանին․ «ՀԺ»

Տավուշցիները դեմ են համայնքների խոշորացմանը․ սպասում են նախագահի և օմբուդսմենի պատասխանին․ «ՀԺ»

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրատապության կարգով կուսումնասիրի համայնքների խոշորացմանը դեմ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչների դիմումը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Դիմողները խնդրում են ուսումնասիրել, թե արդյոք առանց բնակչության հետ քննարկելու, առանց տեղական հանրաքվե անցկացնելու համայնքները միավորելու որոշումը չի՞ խախտում գյուղերի բնակչության սահմանադրական իրավունքը։

Թաթոյանին ուղղված նամակի տակ, թերթի տեղեկություններով, ստորագրել են 1255 անձինք։ Դիմում-նամակը ուղարկվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նրանից խնդրել են չեղարկել սահմանամերձ բնակավայրերը Նոյեմբերյանին միացնելու ծրագիրը։ Ինչպես հայտնում է թերթը, նախագահականից դեռևս պատասխան չկա։

«Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները մեզ հայտնել էին, որ եթե պարզվի, որ խախտում եղել է՝ նրանք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան, հասնել մինչև ՄԻԵԴ», – գրում է «ՀԺ»-ն։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրենքների նախագծերը», որով նախատեսվում է խոշորացում իրականացնել Արարատի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի 118 համայնքներում։