Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի մոտ սպանվել է ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեփանոսյանը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:
Նրա խոսքով՝ կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից, իսկ Տեպանոսյանը գտնվել է գնդից 350-400 մետր հեռավորության վրա՝ ավտոմեքենայի մեջ:
Նշենք, որ 17:30-ից սկսած ՊՊԾ գնդի տարածքից պարբերաբար կրակոցներ են հնչում: Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում «Սասնա ծռերի» անդամներին առաջարկվում է զենքը վայր դնել և առանց դիմադրության իշխանություններին հանձվել մինչև այսօր ժամը 17.00-ն:
«Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի», – ասված էր ԱԱԾ-ի հայտարարության մեջ: