«Սասնա ծռեր» խումբն այսօր 20:00-ի սահմաններում վայր դրեց զենքըերը: Այս մասին 1in.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: «Սասնա ծռեր» խումբը ՊՊԾ գունդը գրավել էր ուղիղ երկու շաբաթ առաջ՝ հուլիսի 17-ին:
Վարուժան Ավետիսյանի խոսքը.
Ոստիկանությունը այս վերջին օրերի ընթացքում որդեգրել էր մարտիկներին շարքից հանելու մարտավարություն, ոտքից հարվածելու միջոցով, այսօր արդեն մեր ընկերոջը կրծքավանդակից վիրավորեցին դիպուկահարի միջոցով: Մենք թվով էապես նվազել ենք, 20 հոգի ենք մնացել այստեղ: Եվ երեկ գիշեր գրոհեցին, զրահատեխնիկայով պատը ջարդեցին, հետո կանգնեցրին գրոհը ինչ-ինչ նկատառումներով: Մենք փորձեցինք իրենց հետ երկխոսության մեջ մտնել, սակայն այսօր այսօր ինտենսիվ կերպով մոտ 40 դիպուկահարներ գնդակոծում էին տարածքը, ռումբեր էին նետում անօդաչու սարքերը, կրակում էին ձայնային ռումբերից, հետո հասկանալի դարձավ, որ հրազեն էլ են օգտագործում և զրահատեխնիկայով սկսեցին ներխուժել տարածք:
Առաջացած իրավիճակում մենք ունեինք երկու տարբերակ. առաջին՝ մարտի բռնվել մեր վրա գրոհող ոստիկանության և այլ ծառայողների հետ և երկուստեք ծանր կորուստներ ունենալ՝ հեղելով հայ մարդկանց, մեր Հայաստանի քաղաքացիների արյունը, այն մարդկանց, որոնք շատ քիչ առնչություն ունեն այս ռեժիմի կայացրած որոշումների հետ, բայց ծառայության բերումով այս գործի մեջ են: Մյուս որոշումը՝ չգնալ արյունահեղության, շարունակել պայքարը՝ մնալով հաստատակամ, մնալով մեր տեսակետների վրա, շարունակել պայքարը ռազմագերու կարգավիճակով, որովհետև սա արդեն… քաղբանտարկյալի մասին խոսք չի կարող լինել այս իրավիճակում, այլ եթե մենք հանձնվում ենք, դառնում ենք ռազմագերի: Շատ ծանր որոշում էր մեր համար, մենք որոշեցինք արյուն չհեղել և ընտրել ռազմագերու կարգավիճակը հետևյալ նկատառումներով. մենք մեր միսիան, մեր առաքելությունը՝ ժողովրդական ընդվզում հարուցելու մասով համարում ենք կատարված:
Հիմա արդեն կա ժողովրդական ընդվզում, ժողովրդական շարժում, այն աճում է, որոշեցինք բազմատասնյակ զոհեր չառաջացնել ու հարյուրավոր-հազարավոր մեր քաղաքացիներին վշտի մեջ չդնել … Մենք մեր կյանքը ոչինչ ենք համարում, մենք մեզ մտած օրից համարում ենք նահատակ, բայց մեր դեմ կանգնած են մարդիկ, որոնք պարտականություն են կատարում, թեև չեն հասկանում, որ սխալ հրամանաներ են կատարում… մենք մեր մեջ որոշեցինք, որ այդ մարդկանց արյունը չենք ուզում թափել:
Ռազմագերու կարգավիճակով շարունակում ենք պայքարել, իսկ մեր ժողովրդին կոչր ենք ոչ մի գրամ չկասկածել մեր ընդհանուր հաղթանակին: Չարտագաղթել, մնալ, պայքարել ու հաղթել այս արյունարբու ռեժիմին, հակահայ, հակամարդ ռեժիմին: Սա ազգային-ազատագրական պայքար է, չենք թողնի, որպեսզի մեր հինավուրց, հազարամյա հայրենիքը դառնա ռուսական նահանգ կամ գտնվի ողորմելի վիճակում: Մենք ունենք լուսավոր ապագա և մեր ժողովուրդը պետք է պայքարի իր ապագայի համար: Մենք զգում ենք, որ հաղթանակը մոտ է, կոչ ենք անում մեր այս որոշումն ընդունել որպես դրական քայլ և շարունակել պայքարը՝ հետևելով բանտից մեր կոչերին, հորդորներին ու շարունակել պայքարը:
Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, էլի կծնվեն մարդիկ շ, ովքեր կարող են առաջ տանել գործը: Մենք ընդամենը կայծն ենք տվել, մենք այդ կայքը տվեցինք, մենք դրանով բավարարված ենք:
Լավ կլիներ, որպեսզի պրոցեսները լինեին ավելի արագ, ժողովրդական մոբիլիզացիան ավելի ինտենսիվ լիներ, և կարողանայինք մենք միանալ ու միասին հասնել հաղթանակի:
Ցավոք, այդպես չեղավ: Ժողովուրդը մի քիչ դանդաղ տեղից շարժվեց, այդ պատճառով ունեցանք այս հանգուցալուծումը: Բայց թող ժողովուրդըչընկճվի: Հաստատակամ ենք շարունակելու ենք մեր պայքարը: Հեղափոխականները հայտնվում են բանտերում, հետո հաղթանակած դուրս գալիս: Դա էլ է պայքարի մի ձև: Սիրում ենք ձեզ ժողովուրդ, մեզ ոչինչ չի կարող բաժանել, չենք ուզում արյուն թափվի: Իմ մասին չէ խոսքը, ասյտեղ հերոսներ կան՝ Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, բայց մենք բոլորս հասկացանք, որ չենք կարող զենք բարձրացնել այն զինվորի վրա, որը համազգեստ է կրում. հրաման է կատարում, թեև սխալ հրաման է, գալիս է մեզ վրա:
Մենք տեսնում ենք մեր ժողովրդի հաղթանակը…
Թող այս պայքարը, մեր զոհաբերությունը դառնա սնուցիչ այն արմատին, որը ծիլ է տալու նոր պայքարի: