հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Անդրիաս Ղուկասյանն առաջարկում է հրավիրել Շառլ Ազնավուրին և արտահերթ ընտրություններ անցկացնել

Անդրիաս Ղուկասյանն առաջարկում է հրավիրել Շառլ Ազնավուրին և արտահերթ ընտրություններ անցկացնել

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեղադանքով կալանավորված քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանն առաջարկում է ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը կգլխավորի Շառլ Ազնավուրը։

Արդեն 31 օր հաղադուլ անող, հուլիսի 29-ին Սարի թաղում ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի ակցիայից հետո ձերբակալված Անդրիաս Ղուկասյանը կալանավայրից հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, իր խոսքով, քրեա-օլիգարխիկ ռեժիմից ազատվելու միջոցները։

Նա ընդգծում է, որ հարկավոր է անհապաղ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, որին զուգահեռ պետք է ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն:

«Արտահերթ ընտրությունները ոչնչով չեն տարբերվի հերթական շինծու ընտրություններից, եթե պետական վարչական ռեսուրսները շարունակեն մնալ ՀՀԿ-ի վերնախավի ձեռքում: Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված եռամսյա ժամկետում ընտրական ողջ գործընթացը և վարչական ռեսուրսը դնել այնպիսի կառավարության հսկողության տակ, որի անաչառության նկատմամբ հանրությունը չունի կասկածներ»,- գրված է հայտարարության մեջ։

Ղուկասյանի համոզմամբ՝ այդ կառավարությունը կարող է գլխավորել ամբողջ հայության համար հեղինակություն համարրվող Շառլ Ազնավուրը։

«Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում, որովհետև վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ունի մեծ միջազգային աջակցություն ազատ և արդար ընտրությունների խնդիրը լուծելու համար»,- գրել է Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ որպեսզի Սերժ Սարգսյանը ընդունի քաղաքացիական շարժման պահանջները, պետք է Բաղրամյան պողոտան հասանելի դառնա խաղաղ երթերի ու հավաքների համար և վերացվի Ազգային ժողովի և Նախագահական նստավայրի մոտ երթեր ու հավաքներ անցկացնելու` գոյություն ունեցող արգելքը:

Ըստ Ղուկասյանի՝ ժողովրդի վստահության կառավարության ղեկավարի թեկնածուն պետք է արժանանա հանրության լայն աջակցությանը և հնարավորինս շատ կուսակցություններ պետք է միանան արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին:

Լուսանկարը՝ photolure.am