Home / Հայաստան / «Արժեքների հեղափոխության» մասնակիցը՝ ավագանու թեկնածու

«Արժեքների հեղափոխության» մասնակիցը՝ ավագանու թեկնածու

Հոկտեմբերի 2-ին Կապան քաղաքում կայանալիք ընտրություններին առաջադրվել է նաև Շանթ Հարությունյանի «Արժեքների հեղափոխության» մասնակից, նախկին քաղբանտարկյալ Արմեն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը ավագանու թեկանծուն է առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, որին նա անդամակցում է հուլիսից։

2013 թվականի աշնանը Շանթ Հարությունյանը սկսել էր «Արժեքների հեղափոխություն»՝ կոչ անելով անվախ տղամարդկանց միանալ իրեն Ազատության հրապարակում և հեղափոխություն անել։ Հարությունյանն ասում էր, որ չէր հավատում ընտրությունների ինստիտուտին Հայաստանում։ Հեղափոխության կոչին միացողներից էր նաև մայոր Արմեն Հովհաննիսյանը, ով նոյեմբերի 5-ին կայացած երթի առթիվ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործի շրջանակներում դատապարտվել էր 2 տարի ազատազրկման։

Epress.am-ի հարցին, թե արդյոք իր կարծիքը փոխել է քաղաքական պայքարի արդյունավետ մեթոդների մասին և հիմա հավատում է քվեարկությամբ իշխանություն փոխելուն Հովհաննիսյանն ասաց․ «Ես համարում եմ՝ պայքարի բոլոր ձևերն արդարացված են»։

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ հայաստանցիները պատրաստ չեն զինված հեղափոխության, բայց իրենց ընդդիմադիր դիրքորոշումը պատրաստ են հայտնել քվեարկությունով, ուստի ինքը պայքար է համարում նաև այդ քվեն պաշտպանելը։

«Հուլիսի 17֊ի «Սասնա ծռերի» գործողությունները ևս ցույց տվեցին, որ ժողովուրդը խուսափում է զենքից։ Զինված հեղափոխության համար անհրաժեշտ է կամք, ֆիզիկական պատրաստվածություն։ Դրա համար անհրաժեշտ է հիմք, համապատասխան իրավիճակ։ Մեր հեղափոխությունը կոչվում էր «Արժեքների հեղափոխություն», քանի որ մենք ցանկանում էինք, որպեսզի ժողովուրդը վերգտնի իր արժեքները, որոնք իշխանությունների ապօրինությունների հետևանքով դեգրադացվում են։ Հիմա ակնհայտ տեսնում ենք, որ մարդիկ այլևս չեն նեղվում, բողոքում են իրենց սոցիալական վիճակից։ Կանգնում են պայքարի։ Մարդիկ կքվեարկեն, մենք պատրաստ ենք պաշտպանել քաղաքացու ձայնը»,֊ ասել է Հովհաննիսյանը։

Այն հարցին, թե դեռևս քրեակատարողական հիմնարկում գտնվող իր ընկերները տեղյա՞կ են իր առաջադրվելու մասին՝ Հովհաննիսյանն ասաց․ «Այո, հարգանգով են վերաբերվում պայքարի ցանկացած դրսևորման»։