Home / Հայաստան / ԱԺ֊ն նախագահը հրաժարվեց արտահերթ նիստին քննարկել «Նաիրիտին» վերաբերող օրինագիծը

ԱԺ֊ն նախագահը հրաժարվեց արտահերթ նիստին քննարկել «Նաիրիտին» վերաբերող օրինագիծը

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին օրինագիծը, որն ընդկրված էր այսօր անցկացվող ԱԺ արտահերթ նիստի օրակարգում,  չի քննարկվի։ Այն հետ է ուղարկվել ԱԺ հանձնաժողովներ՝ լսումների։ Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

«Երեկ էլ հայտարարեցիք, որ Կառավարությունը դրական վերաբերմունք ունի, հանձնաժողովը դրական վերաբերմունք ունի։ Դա իսկի էլ այդպես չէ, դրա համար լսումներ կկազմակերպենք, Կառավարությունն էլ կլինի, նոր հետո կդնենք ԱԺ նիստին», ֊ օրինագծի համահեղինակ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին ասել է Սահակյանը։

Հոկտեմբերի 24֊ի նիստում Զոհրաբյանը հորդորել էր  օրնագիծը չգլորել քառօրյայից քառօրյա, այլ քննարկել և հարցին լուծում տալ այս շաբաթվա նիստերի ընթացքում։

Պատասխանելով Գալուստ Սահակյանի հայտարարությանը՝ ԲՀԿ֊ական պատգամավորն նշել է, որ նախարարն ինքն է ասել, որ կողմ է նախագծին։

«Հիմա եթե դա ասել է առանց տեքստը կարդալու, հետո կարդացել են ու վերապահում ունեն, խնդիրը հաստատ իրենց մեջ է», ֊ ընդգծել է Զոհրաբյանը։

Նշենք, որ օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է «Նաիրիտի» հարցով ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, բացառել ընկերության հիմնական միջոցների օտարումը՝ մինչև ներդրումային համապատասխան ծրագրով օտարելը, 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ ավելի ներդրումային նախագծի դեպքում հինգ տարով ազատել հարկերից։