Home / Հայաստան / Բելառուսի դեսպանատունը Ծառուկյանի համար մեքենաներ է ներկրում․ Armtimes.com

Բելառուսի դեսպանատունը Ծառուկյանի համար մեքենաներ է ներկրում․ Armtimes.com

cartsarukyan

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 11-ին Գյումրի կատարած այցելության ժամանակ եղել է «Range Rover» տեսակի ավտոմեքենայով, որի պետհամարանիշները եղել են դիվանագիտական: Armtimes.com-ը պարզել է, որ «36 D009 AM» պետհամարանիշը պատկանում է ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը:

Դեսպանի խորհրդական Վադիմ Միխայլովը՝ պատասխանելով կայքի հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ դիվանագիտական համարանիշը հայտնվել է Գագիկ Ծառուկյանին սպասարկած մեքենայի վրա, ասաց հետևյալը. «Առանց մեկնաբանությունների»: Ավելի ուշ նա առաջարկեց գրավոր հարցում ուղարկել: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց, որ փորձում է ճշտել, թե որն է պատճառը:

«Խնդրի վերաբերյալ գրավոր հարցում կատարեցինք ՀՀ ԱԳՆ, որտեղից էլ տեղեկացանք, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպանության կողմից ԱԳՆ-ին հայցվել է գրանցում 2013թ. արտադրված «Range Rover» մեքենայի համար, եւ «36D009» պետհամարանիշը Ճանապարհային ոստիկանության կողմից տրվել է 17.01.2014թ.-ին։

Armtimes.com-ի տեղեկություններով, սա առաջին դեպքը չէ, որ Բելառուսի դեսպանատունը, օգտվելով դեսպանատների անմաքս ներմուծման արտոնությունից, թանկարժեք մեքենա է ներկրում Հայաստան, որը հայտնվում է Գագիկ Ծառուկյանի տրամադրության տակ: Տարիներ առաջ էլ ներկրվել է «Rolls-Royce Phantom» տեսակի ավտոմեքենա, որի գինը մոտ 1 մլն դոլար է եղել: Հաշվի առնելով, որ թանկարժեք մեքենաների մաքսազերծման արժեքը կազմում է մեքենայի մոտ 30 տոկոսը, ստացվում է, որ այդ դեպքում Գագիկ Ծառուկյանը խնայել է 300 հազար դոլար: Ի դեպ, Ծառուկյանը 2012 թվականին հայտարարագրել է երկու հատ «Rolls-Royce Phantom» տեսակի ավտոմեքենա», – մասնավորապես, գրում է կայքը։

Կայքն ընդգծում է նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի ընկերն է: Լուկաշենկոն երևանյան այցերի ժամանակ հյուրընկալվում է Ծառուկյանի տանը: ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունն էլ 2014 թվականին Երևան քաղաքից տեղափոխվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղ, որտեղ գտնվում են Գագիկ Ծառուկյանի երկու առանձնատները: «Հետաքրքրականն այն է, որ Լուկաշենկոյին Երևանում սպասարկող զրահապատ «Մերսեդես» ավտոմեքենայի պետհամարանիշներն էլ հայկական են: Աբովյանում Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացմանը Լուկաշենկոն եկել էր «183 UU 01» պետհամարանիշով մեքենայով»: