Home / Վերլուծություն / Նախադեպի սպասելիս․ եթե վաղը Բաքվի սև ցուցակից որևէ մեկին ընտրեն

Նախադեպի սպասելիս․ եթե վաղը Բաքվի սև ցուցակից որևէ մեկին ընտրեն

[Բլոգեր Ալեքսանդր] Լապշինի հետ կապված պատմությունից հետո, միջազգային հանրության մի մասը մտավախությամբ սպասում է այս նախադեպի շարունակության ու նոր արտահանձումների, սակայն, ամենայն հավանականությամբ, ապարդյուն։ Քանի որ իրականում ամեն ինչ շատ ավելի վատ է։

Մեր կողմերում հնարավոր իրավական նախադեպի մասին հիպոթեզն իդեալիզմի որոշակի տպավորություն է թողնում։ Այսինքն, վտահորեն հայտարարել, որ Ղարաբաղ այցելածների Բաքվի ցուցակի որևէ այլ ֆիգուրանտ Լապշինից հետո նույնպես ինչ֊որ մեկի կողմից չի արտահանձնվի, կհամարձակվի, թերևս, միայն այնպիսի մեկը, ով հիմնովին հերքում է ցանկացած տեսակի պատմական պատահականությունները։ Հնարավոր է նաև, որ արտահանձնվի։ Ղարաբաղը, սակայն, կրկին այստեղ որևէ կապ չի ունենա։

Իրադարձության նախադեպայնությունը, որի մասին ակնարկում է Բաքուն, նույնքան կեղծ է, որքան Լապշինի արարքի հանցավորությունը։ Եթե նույնիսկ Բաքվում որոշեն բլոգերին դատել Ղարաբաղ այցելելու համար, Ադրբեջանում, ի տարբերություն Վրաստանի, չկա օկուպացված տարածքների վերաբերյալ օրենք, որը կնախատեսեր իրական պատասխանատվություն, այդ թվում՝ քրեական։ Ուկրաինական անձնագրի միջոցով ադրբեջանական սահմանի հատումը, ինչով իր համար ճակատագրական կերպով պարծենում էր բլոգերը, նույնպես որևէ հոդվածով պատժելի չէ․ գուցե ուկրաինական հոդվածով, եթե Կիևի մտքով հանկարծ անցնի լրջորեն քննարկել Լապշինի անձնագրի կեղծ լինելու գաղափարը։

Հետևաբար, զուտ իրավական առումով որևէ նախադեպի մասին խոսք գնալ չի կարող։ Մեր անեկդոտի տհաճությունը, սակայն, կայանում է նրանում, որ իրավական առումը որևէ մեկին չի հետաքրքրում։ Այդ իմաստով, Լապշինն անվիճելի նախադեպ է, որպիսին կարող է դառնալ այն ամենը, ինչի միջոցով այս կամ այն հետխորհրդային առաջնորդը կմտադրվի ընդլայնել հնարավորի սահմանները։

Դրդապատճառի ծաղրաշարժությունը դառնում է քաղաքական կատեգորիա, որը, միգուցե, շատ ճշգրիտ ու մանրամասն կերպով նկարագրում է նոր հետխորհրդային ինքնության իմաստը։ Նախկին եղբայրական պետությունների միջև հարաբերություններում օրենքը խաղում է մոտավորապես նույն դերը, ինչ անկախ պետություն դարձաց յուրաքանչյուրի ներսում։ Ու դա շատ ուսանելի ու հատկանշական է։ Պարտիայի սկզբում Մինսկը վստահորեն հայտարարում էր, որ բացի ամեն ինչից, հարգում է նաև միջազգային փորձը, իսկ Լապշինի Բաքվին արտահանձնելը պահանջում է Ինտերպոլը։ Պարտիան թևակոխեց էնդշպիլ, և Մինսկը խոստովանեց, որ Ինտերպոլը ոչինչ էլ չէր պահանջել, ու բոլորը ըմբռնումով ժպտացին՝ ի՞նչ կա որ։

Մեր կողմերում միջազգային իրավունքի նախադեպն այն է, ինչ իրենց համար շահավետ կհամարեն երկու կամ ավելի երկրների առաջնորդներ, իսկ մնացածը՝ գոնե տանելի։

Հետևաբար, մեր տարօրինակ կողմերում նման նախադեպ կարող է տեղի ունենալ ցանկացածի հետ, ցանկացած առիթով ու ցանկացած վայրում։ Նախադեպ չկա, քանի որ իրավական գործի տիպականացումն ինքնին կազմված է խարդավանքներից ու ֆորմալ և վերջնականապես հաստատված իմաստի սահմանափակումներից։ Նախադեպայնությունը մեզ մոտ նույնիսկ թույլատրվածի սահմանների ընդլայնումը չէ, քանի որ չկան որևէ սահմաններ, այլ՝ առանց նախնական զգուշացման հաստատվող իրականություն։ Իրականում ամեն ինչ հակառակն է․ այն, ինչ մեզ մոտ ներկայացվում է որպես նախադեպ, դա հենց նախադեպի առաջացման համար պայմանների բացակայությունն է։ Ո՞վ կարող է ասել, որ դա անտրամաբանական է։

Լուկաշենկոն իր տպավորչությունը չի կորցնում հենց այն պատճառով, որ, ինչպես շատ այլ հարցերում, չի վախենում լինել ակնհայտ առաջնորդ իրավիճակում, որից այլք դադարում են ամաչել՝ միայն նրա վարքը տեսնելով։ Երբ բոլորն, օրինակ, իշխանության տարանջատման կողմնակից էին ձևանում, Լուկաշենկոն քաղաքական հրահանգչի անմիջականությամբ առաջ քաշեց «իշխանության ուղղահայաց» տերմինը, որն ընդունվեց, քանի որ ուժը, եղբա՛յր, ճշմարտության մեջ է։ Լուկաշենկոյին անձամբ կարելի էր անվանել նախադեպերի սկզբնադիր, եթե լիներ ինչ֊որ կոորդինատային համակարգ, որում ինչ֊որ բան կարելի է օբյեկտիվորեն համեմատել մեկ այլ բանի հետ․ բայց այդ համակարգն էլ հենց չկա ու չի կարող լինել, ինչը հերթական իմպրովիզացիայի հնարավորություններ է ստեղծում։

Եթե վաղը Բաքվի սև ցուցակից ինչ֊որ մեկին առանձնացնեն, ապա դա չի լինի այն պատճառով, որ մինչ այդ առանձնացրել էին Լապշինին։ Ու եթե ինչ֊որ մեկին ինչ֊որ տեղ առևանգեն, ապա դա չի լինի այն պատճառով, որ մինչ այդ, օրինակ, նախամայդանյան Կիևում ռուսաստանցի հատուկ ջոկատայինները առևանգել էին «Ձախ ճակատի» ակտիվիստ Լեոնիդ Ռազվոզժաևին։ Դա տեղի կունենա միայն այն պարզ պատճառով, որ ինչ֊որ մեկին ձեռնտու է։ Ղարաբաղ այցելել պատրաստվողները կարող են հանգիստ շունչ քաշել։ Միևնույն է, հնարավոր չէ գուշակել՝ որտեղ և ինչ նախադեպ կարող ես դառնալ։

Հեղինակ՝ Վադիմ Դուբնով

Հրապարակված է՝ ekhokavkaza.com