Home / Բանակ / Ապրիլյան պատերազմին մասնակցել են միայն զոհվածնե՞րը․ «Հրապարակ»

Ապրիլյան պատերազմին մասնակցել են միայն զոհվածնե՞րը․ «Հրապարակ»

Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ սերժանտ, հակատանկային գումարտակի զինվոր Գեղամ Գաբիրելյանն եղել է առաջնագծում՝Ջեբրայիլում։ Դիրքեր է բարձրացել տագնապի ազդանշանով՝ ապրիլի 1-ին և 100 օր մնացել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Զինծառայողը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է։ Սոցիալական խնդիրներով ապրող ընտանիքը հույս ուներ, գրում է թերթը, որ ապրիլյան քառօրյային մասնակցելու հանգամանքը հաշվի առնելով՝ ուսման վարձը կզիջեն։ Սակայն քառօրյա մարտական գործողությունների մասնակցությունն ապացուցելու համար, համալսարանից համապատասխան տեղեկանք են պահանջել։

Երբ զորացրվելուց հետո հունվարի 20-ին զինծառայողը ներկայացել է Էջմիածնի զինկոմիսարիատ, այնտեղ ասել են, որ պատերազմական գործողությունների մասնակցության փաստը զինգրքույկում ամրագրելու համար պետք է դիմում գրի։ Դիմումը, սակայն մինչ օրս անպատասխան է մնացել։

Թերթի հետ զրույցում զինվորի մայրն պատմել է, որ զինկոմիսարիատում ասել են, որ հունվար ամսվա գրած դիմումների պատասխանները դեռ չեն եկել։ Կինը զանգել է ՊՆ թեժ գիծ, սակայն այնտեղից էլ ասել են, որ ոչ մի դիմում չեն ստացել։

«Հիմա չգիտենք՝ որտե՞ղ են մեզ խաբում։ Տղայիս նույնիսկ զորմասից են թուղթ տվել այն մասին, որ սահմանապահ է եղել, բայց ոչ մեկը դա հաշվի չի առնում», – թերթի հետ զրույցում ասել է կինը։ Նրա խոսքով՝ այդպիսի քաշքշուկի մեջ է հայտնվել են Ջեբրայիլից զորացրվածների զգալի մասը։

Թերթի հարցմանն ի պատասխան՝ Էջմիածնի զինկոմիսարիատում ասել են, որ իրենք էլեկտրոնային փոստով ուղարկել են դիմումը հանրապետական զինկոմիսարիատ։

«Հարցումներին սովորաբար բացասական պատասխան ենք ստանում։ Ասում են՝ տվյալ զինվորը մարտական հերթապահության մասնակցել է, բայց մարտական գործողություններին՝ ոչ», – ասել է Էջմիածնի զինկոմիսարիատի աշխատակիցը։ Թերթի այն հարցին, թե այդ դեպքում ովքե՞ր են կռիվ տվել, եթե մասնակցությունը սոսկ հերթապահության բերումով է եղել, զինկոմիսարիատի աշխատակիցը պատասխանել է՝ երևի միայն զոհվածները։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում