Home / Բանակ / Եֆրեյտորը ՊՆ-ին ներկայացված կեղծ դիպլոմով կոչում է ստացել․ «Ժողովուրդ»

Եֆրեյտորը ՊՆ-ին ներկայացված կեղծ դիպլոմով կոչում է ստացել․ «Ժողովուրդ»

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը դիպլոմներ է վաճառել ՀՀ ՊՆ զինվորականին, որպեսզի նա ՊՆ-ին ներկայացնելով՝ կարողանա զինվորական կոչում ստանալ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։

ՀՀ ՊՆ զորամասներից մեկի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ-էլեկտրիկ, կոչումով եֆրեյտոր Գեղամ Բադալյանը, թերթի տեղեկություններով, կեղծ դիպլոմ է գնել։

«Ըստ էության՝ նրա առաջ խնդիր են դրել, եթե ուզում ես կոչումդ բարձրացնել, ապա պետք է պետական բուհի դիպլոմ ներկայացնես ՀՀ ՊՆ», -գրում է թերթը՝ մասնավորելով, որ Բադալյանը ոմն Արամից 800 դոլար գումարի դիմաց ձեռք է բերել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիպլոմ։ Ըստ այդ դիպլոմի՝ Գեղամ Բադալյանն ավարտել է նշված համալսարանը և ստացել է արդյունաբերական և քաղաքացիական շինարարության մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի աստիճան։

«Ժողովուրդ»-ը պարզել է, որ եֆրեյտոր Բադալյանը կեղծ դիպլոմով անցել է որակավորում, հանձնել քննությունները և ստացել զինվորական լեյտենանտ կոչումը, ապա աշխատանքի է անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես ինժեներասակրավորային վաշտի հրմանատար։

Բադալյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)։

Թերթը հիշեցնում է, որ դեռևս այս տարվա սկզբին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր կեղծ դիպլոմներ վաճառելու աղմկահարույց մի քանի դեպքեր: ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող ոչ պետական բուհերի ռեկտորները կեղծ դիպլոմներ էին վաճառել ուսանողներին: Նրանց մեջ էին եղել նաև օտարազգի մի շարք ուսանողներ, որոնք իբրև թե եկել են Հայաստան և իրավաբանի, բժշկի կրթություն ստացել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում