Home / Բնապահպանություն / Կենդանաբանական այգում կենդանիների քանակը վերջին տարիներին կտրուկ նվազել է․ «Ժողովուրդ»

Կենդանաբանական այգում կենդանիների քանակը վերջին տարիներին կտրուկ նվազել է․ «Ժողովուրդ»

Երևանի կենդանաբանական այգու կենդանիների գլխաքանակը տարեցտարի նվազում է։ Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ միայն վերջին երկու տարիների ընթացքում ավելի շատ կենդանիներ են սատկել, քան նախորդ տարիներին։ 2010 թվականի վերջին կենդանաբանական այգին ունեցել է 256 տեսակի կենդանի և թռչուն, իսկ կենդանիների և թռչունների գլխաքանակը կազմել է 2807։

Անցած տարեվերջի դրությամբ՝ Երևանի կենդանաբանական այգում առկա է եղել 149 տեսակի կենդանի, որոնց գլխաքանակը կազմել է 854։

Թերթն ընդգծում է, որ կենդանիների գլխաքանակը սկսել է նվազել այն բանից հետո, երբ 2011 թվականին տնօրեն է դարձել Ռուբեն Խաչատրյանը։ Լուրեր են շրջանառվում, որ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու աշխատակիցները ու ղեկավարությունը հայտարարում են, թե կենդանիները սատկել են։

Լուսանկարը՝ Armenianow.com-ի։

«Ժողովուրդ»-ը դեպքի հետ կապված հարցում էր ուղարկել կենդանաբանական այգու տնօրենին, սակայն վերջինս չի պատասխանել։

Թերթը հիշեցնում է, որ դեռևս 2010 թվականին այգու աշխատակիցները նամակ էին հրապարակել, որտեղ, ի թիվս այլ բացահայտումների, ներկայացրել էին, որ 2011 թվականին տնօրենի կարգադրությամբ, առանց մասնագիտական հետազոտության, երկու սևաթույր կարապ (յուրաքանչյուրի գինը կազմում է 2 հազար 500 դոլար) վարձակալության էին տրվել «Օպելլա» ՍՊԸ-ին և «գործուղվել» Դիլիջան՝ Պարզ լիճում մոտորանավակ վարողներին էսթետիկական հաճույք պարգևելու նպատակով։ Որոշ ժամանակ անց կարապները սատկել էին։

Ըստ հանրապետական անասնաբուժական, հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնի կողմից տրված եզրակացության՝ կարապների սատկելու պատճառը եղել է սթրեսը, որը առաջացել է մոտորանավակաների հուժկու ձայների արդյունքում։