Home / Կրթություն / Կրթության մասին նոր պետական ծրագրում բացակայում է ֆինանսական հատկացումների ծավալը

Կրթության մասին նոր պետական ծրագրում բացակայում է ֆինանսական հատկացումների ծավալը

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» օրենքի նախագծում բացակայում է ֆինանսական կոմպոնենտը․ չի սահմանված, թե հանրապետության ՀՆԱ֊ից որքան գումար է հատկացվելու կրթության ոլորտին։ Այս բաղադրիչի առկայությունը պարտադիր է «Կրթության մասին» օրենքով։ Նման բացթողման մասին «Հոդված 3» ակումբում օրենքի քննարկման ժամանակ հայտարարել է «Բաց հասարակության Հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Լիլիթ Նազարյանը։

Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը պատասխանել է, որ կոնկրետ թվեր խոստանալը ոչ իրական էր։

«Ցավոք սրտի, մենք այսօր չունենք տնտեսական զարգացման կանխատեսումները մինչև 2030 թիվը, և չենց կարող հենց էնպես գրել։ Անցած անգամ գրել էինք, որ մինչև ՀՆԱ֊ի 4 տոկոս է լինելու կրթության ֆինանսավորումը, բայց Կառավարությունը չկարողացավ ապահովել դա։ Ավելի լավ չի՞ իրատեսական լինել, ըստ կանխատեսումների գրել»,֊ ասել է ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը։

Լիլիթ Նազարյանն արձագանքել է․ «Իսկ ինչո՞ւ եք 2030 թիվը նշել։ Դնեիք 3 տարվա ծրագիր։ Ո՞րն է ամբիցիան մինչև 2030 ծրագիր կազմել, եթե բյուջե չեք կարող պլանավորել, չեք կարող մանրամասնել։ Ոչ ոք ձեզնից չէր բողոքի։ Այսպիսի ծրագիրն ուղղակի լայնամաշտաբ կոռուպցիայի ռիսկ է պարունակում»։

Ծրագրից մյուս դժգոհությունն այն է, որ այն դեկլարատիվ բնույթ ունի, և հստակ չէ։

«Կա օրենքի պահանջ, որ կրթության ռազմավարությունը լինի օրենք։ Ինձ համար բաց է մնում՝ ինչու լինի օրենք, երբ օրենքի առարկան անհստակ է։ Խոսել եմ իրավաբանների հետ, օրենքը պետք է լինի հստակ, ճշգրիտ, անպայմանական»,֊ ասել է քննարկան մասնակից Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը։

Նշենք, որ օրենքի նախագիծը սահմանում է Հայաստանում կրթության զարգացման հիմնական նպատակները, որոնցից առաջինն այն է, որ կրթության համակարգը պետք է լիարժեք ծառայի ազգային շահերին։

Քաղաքացիներին իրենց պահանջմունքներին համապատասխան կրթություն տալու և կրթությունը տնտեսական զարգացմանը համահունչ դարձնելը երկրորդ և երրորդ նպատակներն են։ Կրթական քաղաքականության սկզբունքների մեջ առանձնացվում է ազգային և համամարդկային արժեքների համադրումը, ներառականությունը, կրթական հաստատությունների ինքնավարության կիրառումը, թափանցիկությունը և այլն։