Home / Դատարան / «Սասնա ծռերի» գործով դատավորը խոչընդոտում է փաստաբանի աշխատանքը

«Սասնա ծռերի» գործով դատավորը խոչընդոտում է փաստաբանի աշխատանքը

Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը «Սասնա ծռերի» գործով նիստի ժամանակ խոչընդոտում է փաստաբանի աշխատանքը։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը։

«Այս պահին ներգրավել են երեք հանրային պաշտպան ովքեր ընդհանրապես տեղյակ չեն, թե Հովհաննես Հարությունյանն ի՞նչ առողջական խնդիրներ ունի, ո՞ր կառույցներին ենք մենք դիմել։ Նրանք ընդհանրապես ոչնչից տեղյակ չեն։ Բացի դա, Հովհաննես Հարությունյանը նախորդ շաբաթ գրավոր կարգով հրաժարվել է հանրային պաշտպաններից և դա մուտքագրվել է դատարանի կարգ, սակայն մինչ օրս դատարանը ոչինչ չի ձեռնարկում, փոխարենը ցանկ է տրամադրել հանրային պաշտպաններին, որ պետք է գնան քրեակատարողական հիմնարկ և տեսակցեն իմ պաշտպանյալին»,֊ ասել է Սարգսյանը։

Հովհաննես Հարությունյանին դատարանը տրամադրել էր հանրային պաշտպան, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները հունվարի 10֊ին դատական նիստի ժամանակ ի աջակցություն հացադուլ հայտարարած Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի չէին ցանկացել մասնակցել նիստին և հրաժարվել էին փաստաբաններից։

«Հանրային պաշտպանները նշանակվել են դատավորի կողմից, քանի որ մեր պաշտպանյալները գտնվում էին սանկցիայի տակ։ Սանկցիայի ժամկետը վերանալուց հետո անգամ, երբ մենք նիստերի դահլիճում էինք և շարունակում էինք պաշտպանություն իրականացնել, դատարանը չի դադարեցնում հանրային պաշտպանների լիազորությունները»,֊ ասել է Սարգսյանը՝ նշելով, որ նվազագույնը պետք է կարգապահական վարույթ իրականացվի այդ երեք հանրային պաշտպանների նկատմամբ։

Փաստաբանի խոսքով՝ դատական գործընթացում հանրային պաշտպանի և վճարվող փաստաբանի ներկայությունը ոչ միայն անհամատեղելի է, այլև՝ ապօրինի։

«Նրանք գալիս են հունվարի 16֊ից սկսած։ Դատավորն ընդունում է և՛ մեզ, և՛ հանրային պաշտպաններին և երբեմն մեզ զրկում է նույնիսկ խոսքի իրավունքից, իսկ հանրային պաշտպաններին թույլ է տալիս։ Նրանք անվճար փաստաբանական ծառայություն են մատուցում և չեն կարող միաժամանակ ներկայացնել մի անձի շահերը, ով արդեն ունի վճարովի փաստաբան»,֊ ասել է փաստաբանը։

Սարգսյանն ընդգծում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակը ստեղծված իրավիճակում ոչինչ չի ձեռնարկում․ «Չնայած իմ կոչին, նրանք չեն դադարեցնում այդ ապօրինությունը։ Հանրային պաշտպաններն ապօրինի կարգով, առանց իմ պաշտպանյալի համաձայնության, շարունակում են մասնակցել դատական նիստերին՝ խախտելով նաև փաստաբանի վարքագծի կանոնագիրքը»։