Home / ԼԳԲՏ+ / Ծեծի ենթարկված տրանսգենդեր կնոջ առողջական վիճակը շտկվում է

Ծեծի ենթարկված տրանսգենդեր կնոջ առողջական վիճակը շտկվում է

Փետրվարի 28֊ին Երևանում իր բնակարանում ծեծի ենթարկված տրանսգենդեր կնոջն այսօր տեղափոխում են հիվանդասենյակ։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ տուժածն արդեն կարողանում է խոսել։

«Դրական դինամիկա կա, կարծեմ այսօր արդեն վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ, ինչից հետո արդեն կտեղեկանանք, թե երբ են նրան դուրս գրելու։ Երկու օր առաջ նա քննիչին արդեն բացատրություն է տվել, հիմա առողջական վիճակը նորմալ է»,֊ ասել է Մարտիրոսյանը։

«Իրավունքի կողմ» ՀԿ֊ի իրավաբան Վահե Մանուկյանը Epress.am֊ի հետ զրույցում նշել էր, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ֊ի 112 հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և գործն ուղարկել է Քննչական կոմիտե։ Shamshyan.com-ի համաձայն, կասկածյալին բաց են թողել չհեռանալու մասին ստորագրության դիմաց։