Home / Բնապահպանություն / Զանգեզուրի կոմբինատի արդյունահանման թույլտվությունը երկարաձգելու որոշումը վիճարկում են դատարանում

Զանգեզուրի կոմբինատի արդյունահանման թույլտվությունը երկարաձգելու որոշումը վիճարկում են դատարանում

Կառավարությունը թույլատրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին ընդլայնել իր ընդերքի տեղամասը և երկարացնել արդյունահանման թույլտվության ժամկետը։ 2016 թվականի դեկտեմբերին ընդունված որոշմամբ հանքաարդյունաբերական գործունեության թույլտվությունը տրվել է 25 տարով տարեկան՝ 22 միլիոն տոննա ծավալով պղնձի և մոլիբդենի հանքաքար արդյունահանման համար։ Մինչ այս որոշումը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլատրվել է արդյունահանել 12.5 տոննա տարեկան ծավալով։

Այս հրամանն ընդունվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարության թույլտվության հիման վրա։ Բնապահպանները կարծում են, որ որոշումն անօրինական է, քանի որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական եզրակացությունը հաշվի չի առել, որ արդյունաբերական ծավալները մեծացնելով՝ կոմբինատը չի նախատեսում մեծացնել պոչամբարի ծավալները։

Նախարարության հրամանը անվավեր ճանաչելու պահանջով «Էկոլոգիական իրավունք›› ՀԿ֊ն դիմել է Վարչական դատարան։

«Այսօր հարցը պոչամբարն է։ Նույնիսկ եղած ծավալների պայմաններում Արծվանիկի պոչամբարի տարողունակությունը սպառվում է։ Հիմա էլ ուզում են ծավալներն ընդյալնել։ Նաև Լիճքի հանքավայրից էլ նախատեսված է, որ պոչերը բերելու են, լցնեն այդտեղ։ Դրա համար մենք այս անգամ պոչամբարի վրա կենտրոնացանք, որպեսզի նաև դատարանը իրական վեճից չշեղվի»,֊ ասել է «Էկոլոգիական իրավունք›› ՀԿ֊ի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Իրենք իսկ ասում են, որ պոչամբարը կբավականցնի 12 տարի։ Թեև ես չեմ կարծում, որ այդքան կբավականացնի։ Բայց եթե դու թույլտվություն տվել ես 25 տարով…. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենքն ասում է, որ պետք է գնահատվի գումարային ազդեցությունն ամբողջ ժամանակահատվածի համար։ Նախարարը իրավունք չուներ հաստատել, քանի որ այդ թույլտվությունը տրամադրված է օրենքի խախտմամբ։ Իրենք չունեն այդքան տարածք, որ տեղավորեն այդ ծավալի թափոնը»,֊ նշել է ՀԿ֊ի նախագահ Արթուր Գրիգորյանը։

Այս գործով այսօր տեղի է ունեցել նախնական նիստ։ Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանն արգելել է լրագրողներին տեսանկարահանել, այն դեպքում, երբ ոչ հայցվորները, ոչ պատասխանող նախարարության ներկայացուցիչները դեմ չէին։ Ղազարյանն ասել է, որ նկարահանումը «կկաշկանդի նիստի վարումը՝ վարողի տեսանկյունից»։

Ղազարյանը նշել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետք է ներգրավվի որպես երրորդ կողմ։ Նիստը հետաձգվել է մինչ արդյունահանող ընկերությունը կծանուցվի և կներկայանա։