Home / Ազգային ժողով / Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը մի քանի պետական պաշտոնյաներ հրաժարական են ներկայացրել

Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը մի քանի պետական պաշտոնյաներ հրաժարական են ներկայացրել

Այսօր՝ մայիսի 8-ին մի շարք փոխնախարարներ և կառավարության աշխատակիցներ հրաժարականներ են ներկայացրել։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր վարչապետի պաշտոնում ընտրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

Մասնավորապես, Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմում է ներկայացրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դադարեցելու վերաբերյալ։

Ավելի վաղ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը ևս ազատվել է իր պաշտոնից:

Ալեքսան Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից։

Միքայել Հարությունյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը ևս ազատվել է պաշտոնից: Հրաժարականի դիմումներն են ներկայացրել նաև Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը և առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, որոշել եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախ, որ իմ քաղաքական թիմը հանդես է գալու որպես ընդդիմություն, և երկրորդ կարծում եմ, որ ՊՆ ղեկավարությունը պետք է ձևավորվի նորընտիր վարչապետի թիմից»։