Home / Բանակ / «Ազգ-բանակ»-ից հետո միլիտարիզացիան կրթական հաստատություններում կտրուկ աճել է

«Ազգ-բանակ»-ից հետո միլիտարիզացիան կրթական հաստատություններում կտրուկ աճել է

Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 դպրոց

2016թ. հոկտեմբերին «ազգ-բանակ» հայեցակարգի առաջադրումից հետո դպրոցներում «ռազմահայրենասիրական» քարոզչության աննախադեպ աճ է նկատվում։ Ընդ որում՝ այդ քարոզչությունն իրականացվում է ԿԳՆ և ՊՆհամագործակցությամբ։ Պաշտպանության նախարարության և Ոստիկանության աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են դպրոցներում քարոզչության տարածմանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» զեկույց է պատրաստել ««Ազգ-բանակ» գաղափարախոսության քարոզչությունը կրթական համակարգում թեմայով»։ 2016թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2018թթ. ընկած ժամանակահատվածում մշտադիտարկման են ենթարկվել հայաստանյան մի շարք ուսումնական հաստատություններ։

Ըստ զեկույցի՝ «ազգ-բանակ» հայեցակարգի և «ռազմահայրենասիրական» քարոզչության տարածման համար հանրակրթական և բուհական հաստատություններում կիրառվել են տարբեր գործիքներ՝ քննարկումներ, բաց դասեր, արշավներ, բանակումներ, շարադրությունների, նկարչության և ռազմամարզական մրցույթներ և այլն։ Որոշ դպրոցներում անգամ ստեղծվել են հրաձգարաններ։

Օրինակ, հունվարի 28-ին՝ Բանակի օրվա կապակցությամբ, տարբեր մանկապարտեզներում անց են կացվել տոնական միջոցառումներ, կազմակերպվել են բեմադրություններ, որի ընթացքում մանկապարտեզների սաները կրել են զինվորական համազգեստներ, քայլել շարային քայլով, կատարել ռազմական երգեր։ Սպայական համազգեստ են կրել նաև մանկապարտեզի դաստիարականեր։ Որոշ մանկապարզտեներում հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ կազմակերպվել են զոհված մարտիկների հերոսացման միջոցառումներ։ Այս հաստատություններից որոշների սաները այցելել են զոհված զինծառայողների գերեզմաններ, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում անցկացվել է «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենքի նվիրյալ» դասախոսությունների շարք։ Աղջիկներին ներկայացվել է կանանց համար պայմանագրային հիմունքներով կամավոր ծառայության հնարավորությունը։ Անցկացվել են շարային պատրաստության դասեր միջին դասարանների աշակերտների համար, «Ազգ-բանակ» կապի ստեղծման նպատակով որոշ դպրոցների միջև անցկացվել է պաստառների նկարազարդման «Հայ զինվոր» խորագրով մրցույթ։

Դպրոցներում անցկացվել է «Դասը վարում է սպան» ծրագիրը, որի շրջանակում «հայրենասիրության դասեր» են վարել տարբեր կոչումներ ունեցող զինվորականներ զորմասերից։

Նույն վիճակն է նաև արտադպրոցական կրթական հաստատություններում։ Մասնավորպապես, 2017 թվականի փետրվարից «ԹՈՒՄՈ-բանակ» ծրագրի շրջանակում Դիլիջանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ժամկետային զինծառայողները հնարավորություն է տրվել ձեռք բերել համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության և այլ հմտություններ։

«Ազգ-բանակ» հայեցակարգի քարոզչությունն ակտիվ կերպով իրականացվել է նաև հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում։

2017 թվականի հուլիսին Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել «Համահայկական ուսանողական ռազմական բանակում»-ը, որի մասնակիցներն այցելել են զորամասեր, ապրել զինվորական առօրյայով։ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում, ԶԼՄ- ների փոխանցմամբ, գործում է ռազմական հոգեբանություն մասնագիտությամբ մագիստրատուրա, որտեղ սովորելու են ապրիլյան պատերազմի մասնակիցների և զոհված զինվորների ընտանիքների անդամները։

Զեկույցն ամբողջությամբ այստեղ։