Home / Մարզեր / Արշալույսում պահանջում են Մանվելի «աճացրած» դիկտատոր գյուղապետի հրաժարականը

Արշալույսում պահանջում են Մանվելի «աճացրած» դիկտատոր գյուղապետի հրաժարականը

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները այսօր փակել են գյուղ տանող մի քանի ճանապարհներ՝ պահանջելով գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը։ Նշենք, որ վերջինս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ներկայումս կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրը։ Նա պաշտոնավարում է 2008 թվականից ի վեր։

Ակցիայի մասնակիցներն արդեն 4 օր է բողոքում են, սակայն գյուղապետը հրաժարվում է լսել նրանց պահանջները և սպառնացել է վաղը հանդիպման գալ իր աջակիցների հետ։

Լրագրողների հետ զրույցում գյուղացիներն ասել են, որ գյուղի հողատարածքները Գրիգորյանը սեփականաշնորհել է, կառուցել է մեկհեկտարանոց ջերմոց։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ Զարզանդ Գրիգորյանը պնդում է, թե վատ հարաբերություններ ունի գեներալ Մանվելի հետ, սակայն «դա իրեն չի փրկում»։

«Ինքը Մանվելի հետ աճած ամենագլխավոր մարդն է։ Տարիների ընթացքում թալանը չեն կարողացել կիսել, ընդհարվել են։ Էս ժողովուրդն ապրել է դիկտատորների տակ։ Հիմա հեղափոխություն է եղել, ժողովուրդը ուզում է ազատ ապրի։ Ահաբեկել է, թալանել է։ Անձամբ ինձ թալանել է։ Ցերեկով եկել մտել են գոմը, 30 հատ ցուլ անձամբ Զարզանդ Գրիգորյանը տարել է»,֊ անձամբ իր նկատմամբ «դիկտատորությունից» «Ազատության» ուղիղ եթերում պատմել է Արշալույսի բնակիչներից մեկը։

Նա ավելացրել է, որ երբ արդեն ոչինչ չուներ, Զարզանդ Գրիգորյանը վերցրել է նաև ոչխարների կաշիները։

Մեկ այլ գյուղացի պատմել է, որ Գրիգորյանը պահանջել է 80-100 հազար դրամ յուրաքանչյուր գյուղացուց, ով ջերմոց է սարքում։

Գյուղապետը, ըստ բողոքավորների, նաև յուրացրել է կարկուտի վնասների համար փոխհատուցված գումարները։