Home / Մարզեր / Արմավիր-Երևան մայրուղին փակած մարդիկ խաղողի մթերման գնի բարձրացում են պահանջում

Արմավիր-Երևան մայրուղին փակած մարդիկ խաղողի մթերման գնի բարձրացում են պահանջում

Արմավիրցի խաղողագործներն առավոտվանից փակել են Արմավիր-Երևան մայրուղին՝ Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղից պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը։

Խաղողագործների խոսքով՝ գարնանն իրենց խոստացել են, որ խաղողը մթերելու են կիլոգրամի դիմաց վճարելով 160 դրամ, սակայն մթերման օրն ասել են, որ կարող են միայն 140 դրամով մթերում անել։ Դա առաջացրել է խաղողագործների դժգոհությունը, քանի որ, ըստ նրանց, 140 դրամը հազիվ խաղողի ինքնարժեքն է և նրանք իրենց աշխատանքի դիմաց ոչ մի օգուտ չեն ունենա․ «Ամեն ինչ թանկացել է, թունաքիմիկատներից սկսած մինչև բենիզինը, ինչի՞ պետք ա խաղողի գինն այդպես մնա։ Մի շիշ ջրից ու ջերմուկից էլ էժան ա»։

Նշենք, որ կնքվող պայմանագրերում նշված չէ խաղողի գինը, այն ամեն տարի փոփոխվում է։

Ըստ արմավիրցիների՝ շուկայում գին թելադրողը Երևանի կոնյակի գործարանն է։ Եթե, օրինակ, Պռոշյանի գործարանը 160 դրամով խաղող էր մթերում, ապա այսուհետ այն ևս իջեցրել է գները։

Ցուցարարների հետ է հանդիպել Արամվիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը, որը մարդկանց խնդրել է բացել ճանապարհը։ Նա նշել է, որ Կառավարությունն արդեն տեղյակ է խնդրի մասին։ Առաջարկել է նաև մի քանի խաղողագործների հետ միասին հանդիպել Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի ղեկավարությանը։

Բողոքողներին հանդիպել է մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Սարգսյանը, որը խոստացել է նրանց պահանջը փոխանցել գլխավոր մասնաճյուղ և ճշտել՝ հնարավո՞ր է, որ մթերման գինը փոխվի, թե ոչ։

Խաղողագործները պատրաստվում են այնքան ժամանակ փակ պահել ճանապարհը մինչև իրենց կպատասխանեն գլխավոր մասնաճյուղից։