Հանդիսանում են արդյո՞ք մշակութային արժեք մշակույթի հաստատությունները, ավելի լայն առումով՝ նաև մշակութային ուղղությունները կամ տեսակները: ՀԱԿ-ի Մշակույթի հանձնաժողովի երեկ կայացած հերթական նիստում քննարկվել է «մշակութային արժեք» հասկացողության սահմանումը:
Թեմայի հետ կապված մի շարք հարցեր քննարկվում էին «Մշակութային քաղաքականության հիմնադրույթներ» հայեցակարգային փաստաթղթի լրամշակման համատեքստում: Հանձնաժողովը եկել է այն տեսակետին, որ քանի որ, ըստ նոր հայեցակարգի, մշակութային գործառույթի իրականացնողը և հիմնական սուբյեկտը քաղաքացին է, այլ ոչ կառավարությունը կամ իշխանությունը, ապա վերջինիս դերն է՝ աջակցել քաղաքացիներին ու քաղաքացիների ազատ միավորումներին մշակութային իրենց գործունեութայն մեջ համապատասխան իրավական դաշտ ստեղծելու և հանրային ռեսուրսը ուղղակի կամ անուղղակի ձևով մատչելի դարձնելու միջոցով: Հետևաբար, իշխանությունը ինքը չի սահմանում մշակութային արժեքը (պատմական ժառանգության մեջ դասվողներից բացի) և աջակցում է միայն այնպիսի հաստատություններին ու մշակութային ուղղություններին, որոնք նախաձեռնված են քաղաքացիների կողմից, այլ ոչ թե, ինչպես խորհրդային և այժմեական կենտրոնացված համակարգերում, իշխանության հայեցողությամբ ստեղծված հաստատություններին ու «նախապատվելի» ուղղություններին, որոնց համար այնուհետ գործակատարներ են վարձվում:
«Չկա նախաձեռնություն – չկա հաստատություն»` սա է ապակենտրոնացված մշակութային քաղաքականության բանաձևը, որից բխում է նաև հետևալ դրույթը՝ «ամեն կենդանի նախաձեռնություն ու կամավոր միավորում կստանա պետական աջակցություն»:
Նշվել է, որ ՀԱԿ-ի հանձնաժողովների (Կրթության ու գիտության, Առողջապահության, Տնտեսական հարցերի) մշակված կամ մշակվող հայեցակարգերում ամրագրված է նույն հիմնարար սկզբունքը՝ պետության կողմից աջակցվում են ոչ թե բնագավառները որպես այդպիսին` իրենց կարծր ու արդիականությանը վատ համակերպվող կառուցվածքով, այլ` բնագավառի հիմնական գործող ու նախաձեռնող սուբյեկտ հանդիսացող քաղաքացիները: Փաստորեն, աջակցություն ստանում է գիտնականը ու կրթվողը (աշակերտը, ուսանողը), այլ ոչ թե գիտական ու կրթական հաստատությունները որպես այդպիսին, բուժօգնության կարիք ունեցողը կամ բժշկական գիտությունն ու պրակտիկան զարգացնողը, և ոչ թե բուժական հաստատությունները որպես այդպիսին, տնտեսական գործունեություն իրականացնողը, այլ ոչ թե տնտեսական դաշտը հսկել ցանկացող կառույցներն ու անձինք:
Մշակույթը դիտարկելով իբրև համընդհանուր երևույթ, որի մեջ մտնում են նաև քաղաքական, տնտեսական, պետական մշակույթը, ՀԱԿ-ի մշակութային հանձնաժողովի առաջ բերվող և իրականացվող մշակութային արմատական փոփոխությունը կայանում է նրանում, որ այն կենտրոնացված պետության, բռնապետության հայեցակարգը, որտեղ բոլոր որոշումները կայացվում են և հիմնարար արժեքները սահմանվում են իշխող ինչ-ինչ «էլիտար» խմբի կողմից, փոխարինում է քաղաքացիական հասարակության հայեցակարգով, որտեղ բոլոր արժեքները, բոլոր հաստատությունները, դրանց մեջ ներառյալ նաև ինքը՝ կառավարությունը, սահմանվում և ստեղծվում են քաղաքացիների ազատ որոշմամբ, ոչ թե վերևից ներքև, այլ՝ ներքևից վերև, այն չափով ու այն ձևով, որը հարկ են գտնում նախատեսել ինքնիշխան քաղաքացիները:
Համաձայն քննարկման մասնակիցների` այս մոտեցումը քանդում է պետությունում և մշակույթում կուտակված կաղապարները և վերջ է տալիս քաղաքացիների օտարացմանը պետությունից, տնտեսությունից, մշակույթից, քաղաքականությունից, ինչպես նաև հիմնարար այլ ոլորտների գործունեությունից, ապահովում է հանրային կենդանի ուժերի ներգրավվմանը պետական կայացման ընթացքին: