Home / Հայաստան / Եմենի նախագահը ճնշումների արդյունքում համաձայնել է հեռանալ

Եմենի նախագահը ճնշումների արդյունքում համաձայնել է հեռանալ

Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը հայտարարել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել նոր նախագահական ընտրություններին, ինչպես նաև խոստացել է, որ երկրի նախագահի պաշտոնին չի առաջադրի իր որդուն, հաղորդում է Reuters-ը:

Եմենի նախագահը ստիպված է եղել նման քայլի գնալ զանգվածային բողոքի ցույցերի պատճառով, որոնք անցկացվում են Եմենի մայրաքաղաք Սանայում: Բողոքի ալիքը սկսել է մեծ թափ ստանալ Թունիսի հեղափոխությունից հետո:

Եմենում ցույցերը շարունակվում են հունվարի կեսերից սկսած: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընդդիմադիր ուժերը փետրվարի երեքին պատրաստվում են «զայրույթի օր» անցկացնել, որը ենթադրաբար պետք է ընդգրկի երկրի ազգաբնակչության մեծ մասը:

Ալի Աբդուլա Սալեհը Եմենի նախագահն է 1978 թվականից ի վեր: 2006 թվականին վերընտրվել է ևս 7 տարի ժամանակով: Խորհրդարանը վերջին ամսվա ընթացքում քննարկում էր Սահմանադրության կետերից մեկը փոփոխելու վերաբերյալ նախագիծը, որը թույլ կտա ներկայիս նախագահին ցմահ մնալ իր պաշտոնում: