Home / Հայաստան / Գասպարին` «Կենտրոնի» ոստիկանությունում (թարմացված)

Գասպարին` «Կենտրոնի» ոստիկանությունում (թարմացված)

Այս պահին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին գտնվում է Երևանի քաղաքային ոստիկանության «Կենտրոնի» բաժնում: Epress.am-ի հետ զրույցում ապակուց այն կողմ կանգնած Գասպարին նշել է, որ իրեն քաշ տալով Հանրապետության հրապարակում նստեցրել են մեքենա և բերել ոստիկանություն, մինչ այժմ ոստիկանություն բերման ենթարկելու որևէ հիմք չեն ներկայացրել:

Նշենք, որ ոստիկանության բաժին է եկել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով խնդրել է իր հետ Կենտրոնի բաժնի պետի տեղակալ Գրիշա Ամիրխանյանի մոտ բաց թողել նաև Epress.am-ի լրագրողին, սակայն լրագրողի մուտքն արգելել են, և Ալավերդյանը միայնակ է բարձրացել:

Շենքից դուրս գալուց հետո նա պատմել է, որ Ամիրխանյանն իրենց տեղեկացրել է, որ ոստիկանության շենքում Վարդգես Գասպարիին բռնության չեն ենթարկել: ԱԺ պատգամավորը նշել է, որ Գասպարիին ոստիկանությունում պահելու հիմք չի տեսնում և հույս է հայտնել, որ նրան արագ բաց կթողնեն: Ամիրխանյանը նշել է, որ իրեն “գործերը կնայեն” ու շուտով որոշում կկայացնեն:

Նշենք, որ այս պահին ոստիկանությունում է փաստաբան Ստեփան Ոսկանյանը, ով, սակայն, դեռևս չի հանդիպել Գասպարիի հետ: