Home / Հայաստան / Հայաստանում առաջարկում են իշխանափոխության միջոցով հասնել ընտրություններին

Հայաստանում առաջարկում են իշխանափոխության միջոցով հասնել ընտրություններին

Հայաստանցիներն արդեն որերորդ տարին ապրում են «Արջամկան օրը» ֆիլմի հերոսի կարգավիճակում, երբ, ինչպես ֆիլմի հերոսը չէր կարողնաում նոր օր սկսել, այնպես էլ Հայաստանում քաղաքական գարուն չի գալիս: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը:

«Մենք մնացել ենք քաղաքական ձմռան մեջ, մարտի 1-ի` լույս գիշերվա մեջ, մարտի 2-ը և քաղաքական գարունը մեզանում չի սկսվում ոչ մի կերպ»,- ասել է նա:

Խոսելով Հայաստանում արաբական ձևով հեղափոխությունների հնարավորությունների մասին` Խզմալյանն ասել է, որ հեղափոխությունը չի գալիս, հեղափոխությունն անում են:

«Հեղափոխությունը անձրև չէ, այն չի գալիս, հեղափոխությունն անում են: Մինչև մենք բոլորս չհասկանանք այս պարզ ճշմարտությունը, ոչինչ չի փոխվի: Մեզանից է կախված` ինչ ենք մենք անելու»,- ասել է Խզմալյանը:

Նա հայտարարել է, որ «Սարդարապատը» չի պատրաստվում մասնակցել ոչ արտահերթ, ոչ էլ հերթական ընտրություններին:

«Մենք ամիսներ շարունակ պնդում ենք, որ բռնապետությունները իշխանության գալիս են ոչ ընտրություններով, և բնականաբար ընտրություններով չէ, որ վտարվում են իշխանությունից: Ընտրություններին մասնակցելու կանչող, կոչ անող քաղաքական ուժերը կամ միամիտ են, կամ մեղսակից են այն հանցանքին, որը կկատարվի, եթե հայ ժողովրդին այս պայմաններում կանչեն ընտրությունների»,- մանրամասնել է բանախոսը:

Նա ընտրություններն անվանել է մատնոցախաղ, և դրանց մասնակցելը համարել անիմաստ: Խզմալյանի խոսքով` երկրի ու երեխաների ապագան այդ մատնոցախաղով որոշելը հանցագործություն է:

«Բնականաբար, մենք չենք մասնակցելու ընտրություններին, իսկ բանաձևը շատ պարզ է` ոչ թե ընտրություններով պետք է հայ ժողովուրդը հասնի իշխանափոխության, այլ հակառակը` իշխանափոխության միջոցով հասնի ընտրություններին»: