Home / Հայաստան / Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումները հաջողություն չունեն. TI

Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումները հաջողություն չունեն. TI

Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն անցած տարվա կտրվածքով շատ աննշան առաջընթաց են գրանցել  հակակոռուպցիոն չափորոշիչների ընդունման կամ կիրառման հարցում: Այս մասին ասված է Transparency International (TI) միջազգային կազմակերպության կողմից երեկ տարածած վերջին զեկույցի մեջ: TI-ն կոչ է անում վերոնշյալ պետությունների կառավարություններին առավել մեծ թափանցիկություն և մատչելիություն ապահովել կառավարման բոլոր համակարգերում:

Զեկույցի համաձայն, որոշ բարեփոխումներ և զարգացումներ են նկատվում Վրաստանում` գնումների էլեկտրոնային համակարգի կիրառմանը համընթաց, սակայն ոչ Հայաստանում, ոչ էլ Ադրբեջանում հակակոռուպցիոն բարեփոխումները հաջողությամբ չեն իրականացվել:

«Նոր զեկույցը ցույց է տալիս, որ բավարար մակարդակով ջանքեր չեն գործադրվել այս հարցում: Տարածաշրջանի երկրները պետք է ավելի արագ շարժվեն հակակոռուպցիոն քաղաքականության և որակյալ կառավարման ամրապնդման ուղղությամբ: Նրանք պետք է հաշվի առնեն նաև, որ քաղաքացիները այլևս չեն ցանկանում պասիվ հանդիսատես լինել, նրանք աստիճանաբար առավել համարձակ կերպով են ցույց տալիս, որ հոգնել են կոռուպցիայից և ոչ պատշաճ  կառավարումից»,- ասել է Transparency International-ի Եվրամիության հետ կապերի բյուրոյի ղեկավար Յանա Միթերմայերը:

Հայաստանին վերաբերող հատվածում զեկույցի հեղինակները, մասնավորապես, նշում են.

«Հայաստանում շատ քիչ բան է փոխվել 2010 թվականի ընթացքում, մասնավորապես, դատական համակարգին և հասարակական ծառայությանը վերաբերող ոլորտներում, որտեղ թափանցիկության և անկախության պակաս է նկատվում: Բացի դա, քաղաքացիական ծառայությունը խիստ քաղաքականացված բնույթ է կրում: Հաշվի առնելով GRECO-ի (Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբ) առաջարկները` որոշակի առաջխաղացում է նկատվում, մասնավորապես, կոռուպցիոն խախտումների դեպքերի վերհանման հարցում, պատգամավորական անձեռնմխելիության վերացման և պետական կառավարման մակարդակում էթիկական նորմերի խախտման վերաբերյալ բողոքները քննելու միտումները: Սակայն տարածաշրջանի բոլոր երեք երկրներում էլ այս բարեփոխումների գործնական կիրառումը մնում է կարևորագույն խնդիր»: