Քաղբանտարկյալների և Ազատության հրապարակի հետ կապված խնդիրները վերջնականապես լուծված համարելով` Հայ Ազգային Կոնգրեսն այսուհետև ուշադրությունը կենտրոնացնելու է մարտի 1-ի ոճրագործության բացահայտման վրա։ Այս մասին Հայ Ազգային Կոնգրեսի հունիսի 30-ի հանրահավաքի ընթացքում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Թեև իրավապահ մարմինները, կարծես-թե, փութաջանորեն լծվել են Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականի կատարման գործին, բայց տպավորություն է ստեղծվում, որ մենք կրկին ականատես ենք դառնում նիկոյանական տիպի մի նոր խեղկատակության։ Պատճառներից մեկը թերևս տվյալ հանձնարարականի անորոշությունն է, քանի որ նրանում ընդամենը «թափ և ընդգծված ակտիվացում է ակնկալվում մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում»։ Մինչդեռ խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակությունը և միջազգային հանրությունը հստակորեն պահանջում են ոչ թե մարտի 1-ի դեպքերի, այլ կոնկրետ տասը սպանությունների բացահայտում՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով, առաջին հերթին, ոճրագործության պատասխանատուների նկատմամբ ուշացած արդարադատության իրականացմամբ», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Տեր-Պետրոսյանի խոսքով` այդ պահանջն ամենայն մանրամասնությամբ ձևակերպված է, մասնավորապես, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի ս.թ. ապրիլի 14-ի և Եւրոխորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի մայիսի 9-ի զեկույցներում։
«Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ նշված պահանջը չի կատարվել, միջազգային հանրությունը ևս, Հայաստանի հասարակության նման, մարտի 1-ի էջը փակված չի համարելու», – ասել է ՀԱԿ առաջնորդը։
Նա նշել է, որ իշխանությունների կողմից խնդիրն աղճատելու մյուս պատճառը մարտի 1-ի իրադարձությունների վերաքննության հանձնարարումն է այն նույն մարմնին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որը երեք տարի շարունակ զբաղված է եղել ոճրագործության բացահայտ պարտակմամբ:
«Շինծու գործերով բանտերը նետելով ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների, քննչական ծառայությունն այդպես էլ նրանցից ոչ ոքի մարտի 1-ին զենք կրելու, հրազեն օգտագործելու, նռնակ նետելու, մեքենա հրկիզելու կամ խանութ թալանելու մեղադրանք չառաջադրեց և վերջիվերջո ստիպված եղավ հրաժարվել նաև ընդդիմությանը վերագրվող իշխանության յուրացման նախնական մեղադրանքից։ Ուշագրավ է, որ վերջերս ընդդիմության կապը մեքենաների հրկիզումների, խանութների թալանի և բուն սպանությունների հետ, ըստ էության, բացառեց նաև ոչ այլ ոք, քան ինքը Ռոբերտ Քոչարյանը` հայտարարելով, կամ ավելի ճիշտ, խոստովանելով բառացիորեն հետևյալը. «Ակներև է, որ մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա՝ ճիշտ այնտեղ, որտեղ մեքենաներ էին վառում և խանութներ թալանում» («Մեդիամաքս». 10.05.2011)։ Այսպիսով, չանտեսելով հանդերձ Հանրային խորհրդի նախագահի (Վազգեն Մանուկյան – Epress.am) այն հանճարեղ և ֆորմալ տրամաբանության տեսակետից անթերի միտքը, որ «եթե հանրահավաք չլիներ, մարդիկ չէին գնդակահարվի», պետք է վերջնականապես արձանագրել, որ զանգվածային անկարգություններն ու սպանությունները ընդդիմության գործողությունների հետ կապելու բոլոր փորձերն իսպառ ձախողվել են, ինչը նշանակում է, որ դրանց իրագործողներին ու կազմակերպիչներին հետաքննությունը պարտավոր էր, ու եթե մինչ օրս թերացել է, ապա գոնե այժմ պարտավոր է փնտրել բոլորովին այլ տեղ», – ասել է ՀՀ առաջին նախագահը։
Տեր-Պետրոսյանը նշել է, որ նախևառաջ անհրաժեշտ է վերհանել ոստիկանության գործողությունները կարգավորող հրամանների համակարգը, և ապա՝ վերականգնել մարտիմեկյան ոճրագործությանը հանգեցրած պետական միջոցառումների ու պաշտոնական հայտարարությունների շղթան:
Տեր-Պետրոսյանը նշել է այդ շղթայի օղակները.
«Ռոբերտ Քոչարյանի 2008 թ. փետրվարի 23-ի հայտարարությունը ընդդիմության բողոքի ցույցերը «իշխանության ապօրինի զավթման փորձ» որակելու և ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու մտադրության մասին.
– ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի փետրվարի 23-ի հրամանը ապօրինի զինվորական կառավարման մարմնի ձևավորման և Երևան քաղաքում բանակի զորամիավորումների կենտրոնացման վերաբերյալ.
– Փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Մ. Մարուքյանի՝ «Լևոն Տեր-Պետրոսյանի և մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ» հարուցած Թ. 58200608 քրեական գործը.
– Փետրվարի 29-ին ԵՊՀ ուսանողության հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի արած այն հայտարարությունը, որ «իրավապահ մարմինները բավական ուժ և հնարավորություն ունեն սահմանադրական կարգը պահպանելու համար, և որ հարթակում կանգնած շատ շատերը երկար տարիներ անց են կացնելու բանտերում».
– Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից Ազատության հրապարակում իրականացված վայրագ գործողությունը, որը պատճառ դարձավ մի քանի ժամ անց Մյասնիկյանի արձանի մոտ առաջացած տարերային ցույցի՝ ասպարեզ բացելով իշխանական սադրիչների սանձարձակ գործունեության համար.
– Մարտի 1-ին պաշտպանության նախարարության մի պահեստից իշխանությունների հրահանգով հավաքագրված 950 սադրիչների միատեսակ համազգեստի տրամադրումը՝ նրանց սովորական ցուցարարներից տարբերելու համար.
– Եւ վերջապես, մարտի 1-ի ցերեկվա իրադարձությունների ընթացքում, Արտակարգ դրության հայտարարումից ժամեր առաջ, ցուցարարների դեմ բանակի ստորաբաժանումների կիրառումը։
Ուստի, եթե քննչական ծառայությունն իսկապես հետամուտ է սպանությունների բացահայտման գործին, ապա պարտավոր է դրվագ առ դրվագ հետաքննել այդ շղթայի բոլոր օղակները, որից հետո ոճրագործության հեղինակների ինքնության ճշտումը կդառնա պարզ խնդիր։ Քանի դեռ այդ սպանությունները չեն բացահայտվել, զոհերի ընտանիքներն ու վիրավորները բավականաչափ նյութական փոխհատուցում չեն ստացել և ոճրագործները չեն կանգնել դատարանի առջև, արդարադատության նկատմամբ հասարակության վստահության վերականգնման և ներազգային համերաշխության մթնոլորտի հաստատման մասին անիմաստ է խոսել՝ հանգամանք, որն իրենց վերոհիշյալ զեկույցներում հարկ են համարել հատուկ ընդգծել նաև Պրեսկոտը, Ֆիշերն ու Համմարբերգը։ Ավելացնենք, սակայն, որ մարտի 1-ի սպանությունների բացահայտումն ու դրանց իրականացնողների դատական հետապնդումը ոչ միայն կամ ոչ այնքան արդարադատության, որքան քաղաքական խնդիր է՝ նման ոճրագործության կրկնությունը հիմնովին բացառելու նկատառումով։ Հակառակ դեպքում մենք որևէ կերպ ապահովագրված չենք ապագայում նույնպիսի ողբերգության կամ ազգային խայտառակության առջև կանգնելու հավանականությունից»։