Home / Հայաստան / Հայաստանցի փաստաբանները պահանջում են կասեցնել «դաբրոյի» ինստիտուտը

Հայաստանցի փաստաբանները պահանջում են կասեցնել «դաբրոյի» ինստիտուտը

Այսօր ՀՀ փաստաբանների պալատի մոտ 100 փաստաբաններ բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի դիմաց:

Փաստաբանների բողոքը կապված էր հետևյալ միջադեպի հետ. Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանը հունիսի 22-ին բավարարել էր քաղաքացի Ալբերտ Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը և թույլատրելի է ճանաչել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը, որից երկու օր անց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Արման Մկրտումյանը դիմել էր Արդարադատության խորհրդին (ԱԽ), որպեսզի Մնացականյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացվի, իսկ ԱԽ-ն իր հերթին, միջնորդությամբ դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սրագսյանին: Նշենք, որ ՀՀ նախագահն այս հարցի վերաբերյալ դեռևս որոշում չի հրապարակել:

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով` դատավորը պատժվում է նրա համար, որ չի ստացել թույլտվություն վճռաբեկ դատարանից անձի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչել:

«Այլապես մեր համար տրամաբանական էլ չի, թե ինչու երկու օր անց Արման Մկրտումյանը դիմում է արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին և արդարադատության խորհուրդը կայացնում է նման որոշում, որպեսզի դադարեցվի նրա լիազորությունները: Պետք է վերջապես դադարի այս «դաբրոյի» ինստիտուտը», – ասել է Սահակյանը:

Սահակյանի խոսքով` ԱԽ-ի որոշման մեջ նշվել է, որ դատավորը չի պատճառաբանել իր դատական ակտը:

«Բայց ՀՀ-ում համատարած չեն պատճառաբանվում դատական ակտերը, բազմիցս այս հարցը բարձրացվել է և անձինք զրկվում են ազատությունից՝ առանց պատճառաբանված ակտի և ոչ ոք նրանց պատասխանատվության դրա համար չի ենթարկում»,- նշել է Լուսիեն Սահակյանը` հավելելով որ ժամանակն է դադարեցնել նման գործեալոճը:

Բողոքի ակցիայի ընթացքում փաստաբանները լրագրողներին ներկայացրել են այն նամակի տեքստը, որը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը պատրաստվում է ուղարկել Արման Մկրտումյանին: Նամակում Սահակյանը դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին միջնորդություն ուղարկելու մասին որոշումը որակում է որպես անհանդուրժողականության  մթնոլորտի ձևավորում:

Սահակյանն առաջարկում է նաև, որ Արման Մկրտումյանը հանդես գա կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ նաև մի շարք այլ դատավորների նկատմամբ, որոնք չեն պատճառաբանել իրենց կայացրած  դատական ակտերը: