Մշտապես խրթին`Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը մտնում է անսովոր բարդ փուլ, rferl.org կայքում տպագրված իր հոդվածում նշում է բրիտանացի փորձագետ, Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող, «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը:
«Մեծ հույսեր էին կապվում հունիսի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև Կազանում կայացած հանդիպման հետ: Կարծիք կար, որ հիմնարար սկզբունքների հիման վրա կառուցված բանաձևը վերջապես կստորագրվի: Բայց ոչինչ չստացվեց: Իրականում ի՞նչ պատահեց Կազանում և ինչ է կատարվում այժմ: Շատ լրատվամիջոցներ, այդ թվում` ադրբեջանական, հաստատում են, որ հենց ադրբեջանական կողմն է կասեցրել Կազանում քննարկվող համաձայնագրի ստորագրումը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով մեծ ջանքեր էր գործադրել վերջին բանաձևի մշակման հարցում, իսկապես հավատում էր, որ հարցը լուծվելու է, ականատեսներից մեկը նշում է, որ նա կարծես ջախջախված լիներ հանդիպումից հետո», – գրում է դե Վաալը:
Բրիտանացի փորձագետը նշում է, որ Ալիևը հանդիպման է եկել 9 կամ 10 պահանջներով, որոնք պետք է ընդգրկվեին բանաձևում, որին, սակայն, առարկեց հայկական կողմը:
«Թեև հանդիպումը տևել է մոտ 4 ժամ, այն գրեթե ավարտված էր մեկնարկից անմիջապես հետո», – իր հոդվածում արձանագրել է դե Վաալը:
Ըստ դե Վաալի, հայկական կողմը նախապես հասկացնել էր տվել, որ համաձայն է ստորագրել Կազանում քննարկվող վերջին բանաձևը, ինչը շրջադարձային փաստ էր 2009, 2010 թվականների համեմատությամբ: Այն ժամանակ Բաքուն էր ասում, որ համաձայն է ընդունել Աթենքում քննարկված վերջին բանաձևը, երբ հայերը համաձայնագրի ստորագրումն արգելափակողի դերում հանդես եկան: Բայց այս անգամ Երևանն էր պատրաստ ստորագրել վերջին բանաձևը:
«Կազանում ներկայացված բանաձևի վերաբերյալ պաշտոնական Բաքվի առաջին առարկությունը կապված էր «Լաչինի միջանցքի» հետ, քանի որ բանաձևը չէր հստակեցնում սահմանները, և չէր խոստանում ապահովել 39 գյուղերի բնակիչների վերադարձը իրենց բնակավայրեր: Այն միայն մասնակիորեն էր երաշխավորում Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական 6 շրջանների վերադարձը Ադրբեջանին և համաձյնագրի ընդունումը կդիտարկվեր որպես Ադրբեջանի պարտություն: Ադրբեջանը առարկություններ է ունեցել նաև Լեռնային Ղարաբաղին «անցումային կարգավիճակ» շնորհելու հարցի նկատմամբ, որը հնարավորություն կտար ԼՂ-ին միանալ միջազգային կազմակերպություններին:
Լաչինի հարցը, մասնավորապես, մտահոգության առիթ է ստեղծում: Ալիևին մեկ հարց ունեմ. ինչո՞ւ նա չէր բարձրացնում այս խնդիրը մինչև կազանյան հանդիպումը, այլ արեց դա միայն հունիսի 24-ին` այդպիսով իմաստազրկելով հանդիպման էությունը», – նշում է հոդվածագիրը:
Որպես Ադրբեջանի երկրորդ առարկություն դե Վաալը նշում է այն փաստը, որ ադրբեջանական կողմը, գնահատելով Մեդվեդևի ջանքերը և ողջունելով նրա նախաձեռնությունը, այդուհանդերձ Ռուսաստանին դեռևս Հայաստանի հիմնական դաշնակիցն է համարում, և այնքալ էլ չի վստահում Լավրովին` որոշակի կասկածներ ունենալով նրա հայկական ծագման վերաբերյալ: Թեև Մեդվեդևը երբևէ պաշտոնապես նման հարց չի առաջադրել, այդուհանդերձ Ադրբեջանը մտավախություններ ունի առ այն, որ Ռուսաստանը ցանկություն ունի իր խաղաղարարներին Ղարաբաղի հակամարտության տարածք մտցնել և այնտեղ իր ձևով խաղաղություն ապահովել: Տարիներ շարունակ «ջենթլմենական համաձայնություն է» եղել առ այն, որ ոչ մի հարևան երկիր և համանախագահ երկրներ չպետք է ներգրավվեն խաղաղապահ գործողությունների մեջ, բայց սա երբևեէ պաշտոնապես չի արձանագրվել:
«Մի քանի ամիս անց Հայաստանն ու երեք համանախագահող երկրները ընտրությունների փուլ կթևակոխեն: Ռուսաստանում ամենայն հավանականությամբ Վլադիմիր Պուտինը կրկին նախագահի պաշտոնը կստանձնի: Ալիևն ու Մեդվեդևը շատ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Պուտինն ու Ալիևը, այն բանից հետո, երբ երկուսը Վրաստանի հարցում բախվեցին 2006-ին: Պուտինը երբեք հետաքրքրությույն չի ցուցաբերել ղարաբաղյան հարցի կապակցությամբ: Ի տարբերություն Մեդվեդևի, նա կարծում էր, որ չարժե ջանքեր թափել հարցի կարգավորման վրա և որ ստատուս-քվոն հարմար է Ռուսաստանին: Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, մտավախություն կա, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը կկորցնի հետաքրքրությունը և առավել քիչ ջաքներ կգործադրի այս հարցում, քան արել է անցյալ տարվա ընթացքում:
Այստեղ մենք հասնում ենք երրորդ հարցին, թե ինչու Ադրբեջանը համաձայնության չեկավ Կազանում: Նրանք տպավորություն են ստեղծում, որ ժամանակն իրենց օգտին է խոսում և որ իրենք չեն շտապում:
Բաքու կատարած վերջին այցելությունս ապացուցում է այն տպավորությունը, որ այժմ պատերազմի մասին ավելի քիչ խոսակցություններ կան, քան որոշ ժամանակ առաջ, իսկ Կազանի հանդիպումից երկու օր անց Բաքվում կայացած ռազմական շքերթի ժամանակ շեշտադրում չէր արվում ռազմական հռետորության վրա: Ուղերձը անընդունելի էր մեկ այլ առումով: Ադրբեջանի պաշտոնատար անձինք ասացին, որ Հայաստանը մի քանի տարի անց շատ ավելի թույլ կլինի, սնանկացման պատճառով և ստիպված կլինի փոխզիջումների գնալ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:
Եթե խնդիրն այսպիսով ավելի բարդանա և Ադրբեջանի կառավարությունը ցանկանա ժամանակ շահել, հիմնահարցը լուծելու համար այլ մոտեցումներ կպահանջվեն:
Երեք համանախագախ երկրների համար լավ առիթ կլինի հետ կանգնել գործընթացից: Նրանք կարող են ասել, որ կշարունակեն հրադադարի ռեժիմի մոնիտորինգը և պատրաստ կլինեն ապահովել խաղաղ կարգավորումը, եթե կողմերը համաձայնության հասնեն, բայց նաև կհայտարարեն, որ այս պահի դրությամբ իրենց միջնորդի հնարավորությունները սպառվել են», – եզրափակում է դե Վաալը: