Home / Հայաստան / Գյումրիում վարորդներին ահաբեկում են. կոալիցիան խոստանում է քննարկել հարցը

Գյումրիում վարորդներին ահաբեկում են. կոալիցիան խոստանում է քննարկել հարցը

Իշխանական պատվիրակությունը կքննարկի Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքին ընդառաջ մարզերից Երևան եկող հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կախված խնդիրը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կոնգրես-իշխանություն երկխոսության իշխանական կողմի ներկայացուցիչ, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես լսել եմ խնդրի մասին, և քանի որ մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը գտնվում է Ֆրանսիայում` ԵԽԽՎ Մոնիտորինգի նիստին, նրա վերադարձից հետո ես այդ հարցը կբարձրացնեմ, և մենք կքննարկենք այն»,- ասել է Զոհրաբյանը:

Դավիթ Հարությունյանը ՀԱԿ պատիրակության հետ հերթական հանդիպումից հետո խոստացել էր քայլեր կձեռնարել, որպեսզի տրանսպորտի աշխատանքի որևէ խափանում չլինի:

«Իհարկե, որոշ դեպքերում խափանումներ լինում են, բայց հատուկ ուշադրություն կլինի, որ այդ օրը [հանրահավաքի – խմբ.] խափանում չլինի` հաշվի առնելով հարցի որոշակի քաղաքական երանգը, որն այսօր առկա է»,- ասել էր Հարությունյանը:

Այսօր, սակայն, ՀԱԿ կենտրոնական գրասենյակ առավոտյան ահազանգել են մարդիկ Գավառից, Ոսկեվազից և Ճամբարակից` նշելով, որ Երևան եկող ճանապարհը փակ է ոստիկանների կողմից:

Բացի այդ, ինչպես Գյումրիում Epress.am-ի թղթակցին հայտնել է պատվերով գազելի մի վարորդ, իրեն և մի քանի այլ վարորդների այսօր հրավիրել են ոստիկանություն և հրահանգել, որ ոչ ոքի Երևան չտեղափոխի:

«Սպառնացել են, որ եթե իմ մեքենան Երևանում տեսնեն, վատ կլինի», – ասել է վարորդը` չցանկանալով ներկայանալ:

Ավելի վաղ Epress.am-ը հայտնել էր, որ երեկ Շամշադինից, Աբովյանից, Արմավիրից, Թալինից և Էջմիածնից Երևան եկող տրանսպորտային միջոցներին ու տաքսիստներին հրահանգված է եղել չաշխատել և Երևան մարդկանց չտեղափոխել: