Անհասկանալի է, թե ի՞նչն է խանգարում դատարաններին փորձաքննությունների եզրակացությունները գնահատելիս ղեկավարվել օրենքով և ոչ թե դատախազությանը հաճոյանալու ցանկությամբ: Նման հարցադրում է անում «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը` ներկայացնելով 2008թ. դեկտեմբերին Նոր-Նորքի քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործը:
Գործի շրջանակներում Աշոտ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս 2008թ. դեկտեմբերի 20-ին 03:30 սահմաններում Երևանի Դավիթ Մալյան 4 հասցեում գործող բիլիարդի խաղասրահում վիճաբանել է Վարուժան Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում իր մոտ ապօրինի պահված «Մակարով» ատրճանակից կրակել է Հովհաննիսյանի կրծքավանդակի շրջանին`պատճառելով կյանքին վտանք սպառնացող վնասվածքներ:
Հելսինկյան ասոցիացիան նշում է, որ գործի քննությունը ի սկբանէ տարվել է սխալ ճանապարհով: Դա հիմնավորվում է նրանով, որ նախաքննության մարմինները գնահատական չեն տվել դեպքին նախորդող տուժողի ապօրինի գործողություններին: Հարբած վիճակում գտնվող Վարուժան Հովհաննիսյանը փորձել է նվաստացնել Աշոտ Հակոբյանին, ապա հարվածել է արմունկով նրա դեմքին, տապալել է գետնին շարունակելով ծեծի ենթարկել, ինչից հետո սեռական բնույթի հայհոյանք տվել դեպքից շաբաթներ առաջ մահացած մոր հասցեին:
Այս ամենից հետո է Աշոտ Հակոբյանը կրակել է տուժողի ուղղությամբ: Դեպքի մանրամասները հաստատել է նաև ինքը` տուժողը: Իրավապաշտպան կազմակերպության փաստաբանները նշում են, որ Հակոբյանը պետք է մեղադրվեր քրեական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով, այն է` «Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը»:
Փաստաբանները ուշագրավ փաստ են համարում նաև այն, որ դատաքննության ընթացքում կատարվել են դատահոգեբանական այնուհետև, համալիր կրկնակի դատահոգեբանական և դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություններ, որոնցից առաջինը եկել է այն եզրահանգման որ «Հակոբյանը հանցագործության կատարման պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, նա գտնվել է հուզական լարված վիճակում, որը կարող էր էապես ազդել նրա վարքի և գիտակցության վրա»: 2-րդ եզրակացության համաձայն` «Հակոբյանը արարքը կատարելու պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում»:
Առաջին փորձաքննությանը մասնացող մասնագետները ի թիվս այլ օգտագործված մեթոդական և մասնագիտական գրականության, իրենց անցկացրած փորձաքննության ընթացքում օգտվել են հայտնի ակադեմիկոս Էլդա Գրինի «Իրավաբանական հոգեբանություն» գրքից, իսկ 2-րդ փորձաքննությանը մասնակցել է անձամբ ինքը̀ Էլդա Գրինը:
Քանի որ առաջին փորձաքննության տրված եզրակացությունը հասկանալի չի եղել կողմերի համար, դատարան է հրավիրվել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ` Մարինե Պետրոսյանը, պարզաբանումներ տալու համար, որը այդպես էլ չի կարողացել հիմնավորել իրենց կողմից տրված եզրակացությունը:
Հելսինկայն ասոցիացիան նշում է, որ նա խուսափել է պատասխանել պաշտպանական կողմից տրված այն հարցին, թե արդյոք «աֆեկտ» տերմինը չի օգտագործվել դատախազության կողմից ճնշում գործադրելու հետևանքով:
Ի տարբերություն Մարինե Պետրոսյանի, 2-րդ փորձաքննությանը մասնակցած Էլդա Գրինը, որը նույնպես հրավիրվել էր դատարան, հիմնավորել է իրենց կողմից ներկայացրած եզրակացությունները:
«Եվ այս պարագայում դատարանին մնում էր միայն գնահատել փորձաքննությունը որպես ապացույց: Դժվար է ասել, թե ինչ տրամաբանությամբ է գործել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.ՈՒզունյանը, բայց 06.05.2011թ. դատավճռով «ֆիզիոլոգիական աֆեկտ»-ը հաշվի չի առնվել: Հարկ է նշել, որ այս դեպքը, ցավոք սրտի, միակը չէ, փորձաքննությունները Հայաստանում դատարանների համար, ըստ էության որևէ դեր չեն խաղում, ավելի շուտ ձևական բնույթ են կրում: Նշանակվում են այնքանով որքանով, որ այն նախատեսված է օրենքով: Օրենքը թույլ է տալիս նշանակել լրացուցիչ և կրկնակի փորձաքննություններ, սակայն հիմնականում դատարանը «իր ներքին համոզմունքից ելնելով արժանահավատ է» ընդունում այն եզրակացությունը, որը «ընդունելի» է լինում մեղադրող կողմի համար: Այնինչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն «փորձագետի եզրակացությունը» համարվում է ապացույց, այնպես, ինչպես, ասենք, իրեղեն ապացույցը, փաստաթղթերը և այլն: Նույն օրենսգրքի 127 հոդվածի 2-րդ մասն իսկապես ասում է, որ «դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
Բայց, չէ որ կա նաև նույն օրենսգրքի 18 հոդվածը, որը իր էությամբ առավել բարձր է մնացած բոլոր վերը նշված հոդվածներից, այն պարզ պատճառով, որ վերաբերում է քրեական դատավարության սկզբունքներին, մասնավորապես, անմեղության կանխավարկածին: Այն բառացիորեն նշում է հետևյալը. «Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում,մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի», – նշում է Հելսինկյան ասոցիացիան: