Home / Հայաստան / Դատախազությունը ստուգում է Սյունիքի մարզպետին ուղղված մեղադրանքների իսկությունը

Դատախազությունը ստուգում է Սյունիքի մարզպետին ուղղված մեղադրանքների իսկությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը նախօրեին գործարար Սիլվա Համբարձումյանի` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկա) վերաբերյալ արված հրապարակումը (Սիլվա Համբարձումյանը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրեն պատկանող Լիճվազք-Թեյի ոսկու հանքից Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում) օրվա մամուլի մոնիտորինգի արդյունքում ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` մատնանշված հանգամանքները ստուգելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու`նկատի ունենալով, որ բանախոսի ներկայացրած տեղեկությունները պարունակել են հանցագործության մասին հատկանիշներ`կոնկրետ անունների վկայակոչմամբ:

«Իսկ թե որքանով են մամուլին տրամադրված տեղեկությունները համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա ստուգման ավարտից հետո»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը:

Օրաթերթը, սակայն նշում է, որ Սիլվա Համբարձումյանը դեռ մեկ տարի առաջ իրենց հետ զրույցում հայտարարել էր. «Մեր հանքաքարի ջարդիչ սարքավորումը, որն արժե 1մլն 246 հազար դոլար, Խաչատրյան Սուրիկի մոտ է, իր հանքում: Մեր բոլոր ապրանքներով`գողացած, ինքը հանք է բացում: Հիմա մենք դիմել ենք դատախազություն»: Այն ժամանակ սակայն, սույն հայտարարությանը ընթացք չի տրվել, այն էլ այն դեպքում, երբ Սիլվա Համբարձումյանը դիմել էր դատախազություն:

«Հիմա հանկարծ, երբ արդեն մի քանի օր է համառորեն լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզպես Սուրեն Խաչատրյանը պաշտոնանկ է արվելու, ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է այս հայտարարությանը ուշադրություն դարձնել և գործն ուղարկել ՀՔԾ»,-եզրակացնում է օրաթերթը: