Home / Հայաստան / Մոլդովան Հայաստանին կփոխանցի զենքը, որի համար ներողոթյուն էր խնդրել Ալիևից

Մոլդովան Հայաստանին կփոխանցի զենքը, որի համար ներողոթյուն էր խնդրել Ալիևից

Չնայած սկանդալին` Մոլդովան պատրաստվում է Հայաստանին փոխանցել պայմանագրով վաճառված զենք-զինամթերքի մնացյալ հատվածը: Այս մասին ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի պահպանման հարցերով խորհրդարանական հանձնաժողովում տեղի ունեցած լսումներից հետո հայտարարել է Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան:

Նա կոչ է արել պատգամավորներին հիմնվել փաստերի և իրավաբանական փաստաթղթերի վրա, և ոչ ԶԼՄ-ների տեղեկությունների: Միևնույն ժամանակ, Մարինուցան վստահություն է հայտնել, որ մոլդովական զենքի վաճառքի գործարքը անպայմանորեն ավարտին կհասցվի:

«Ոչ մի իրավաբանական փաստաթուղթ չկա, որը կարող էր արգելել անել դա: Հուսով եմ` սեղմ ժամկետներում պայմանագրի կատարումը կշարունակվի: Այդ պայմանագրում կասկածելի դրույթներ չկան»,- Մարինուցայի խոսքերն է փոխանցում Moldnews-ը:

Ռազմական գերատեսչության ղեկավարը նաև հայտարարել է, որ լրագրողների կողմից իրավիճակը պարզելու ցանկացած փորձ հարված է Մոլդովայի Հանրապետությանը:

Ավելի վաղ Մոլդովայի Հանրապետության վարչապետ Վլադիմիր Ֆիլատը ընդունել էր, որ Հայաստանին զենք վաճառելը սխալ քաղաքական քայլ է, և ներողություն էր հայցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից:

Այս մասին 1news.az-ի հետ զրույցում հայտարարել էր Բաքվում Մոլդովայի դեսպան Իգոր Բոդյուն:

Դիվանագետը հայտարարել էր, որ Քիշնևը իսկապես Հայաստանին 3 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ զենք է վաճառել, և այդ փաստը «սխալ քաղաքական քայլ» էր որակել: Միաժամանակ, նա ընդգծել էր, որ «Հայաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ չկան, որոնք արգելում են նրան զենք վաճառել»:

Moldnews-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Վլադիմիր Ֆիլատը հայտարարել էր, որ ոչինչ չգիտի Հայաստանին հրթիռային և հրետանային համակարգերի վաճառելու մասին, թեև իր ստորագրությունը դրված է վաճառքի մասին փաստաթղթերի տակ: