Home / Հայաստան / «Օսկանյանին մարդասպան չեմ անվանել». նախկին արտգործնախարարը հերքում է

«Օսկանյանին մարդասպան չեմ անվանել». նախկին արտգործնախարարը հերքում է

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն այսօր հերքել է Վարդան Օսկանյանին մարդասպան համարելու փաստը` պնդելով, որ ինքը նման արտահայտություն չի արել:

«Վարդան Օսկանյանին մարդասպան չեմ անվանել: Ես ասել եմ` նա Մարտի 1-ի պատասխանատուներից մեկն է, որովհետև Վարդան Օսկանյանն էր, երբ ժողովրդի վրա կրակում էին, հանդես էր գալիս նախագահականում, տարածում էր ճշմարտությանը  չհամապատասխանող հայտարարություններ` ընդդիմադիր  խաղաղ ցուցարարներին վերագրելով անօրինական գործողություններ, և պաշտպանում էր իշխանության նախապատրաստվող սպանդի ողջ գործընթացը, պատրաստվում հատուկ դրություն մտցնելուն», – փաստել է Արզումանյանը:

Նրա խոսքով` Օսկանյանը իշխանությունների հետ կիսում է Մարտի 1-ի ողջ պատասխանատվությունը:

Արզումանյանը տեղեկացրել է նաև, որ Վարդան Օսկանյանին իր հրաժարականից հետո չի հանդիպել ընդհանրապես:

«Եղել են ընդունելություններ, որոնց ընթացքում իրար տեսել ենք, բայց չենք մոտեցել: «Սիվիլիթաս» հիմնադրամը մեկ շաբաթ առաջ ինձ հրավիրել էր որպես բանախոս` «Հարց ու պատասխանի»: Օսկանյանն էլ, լինելով «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահը, ինձ  դիմավորեց, շատ կզարմանայի, որ չդիմավորեր, պարտավոր էր, ողջունել ենք ու անցել դահլիճ: Այսքանով սահմանափակվել է իմ ու իր հանդիպումը, երբևէ որևէ շփում չենք ունեցել», – ասել է Արզումանյանը: