Home / Հայաստան / Անահիտ Բախշյանը խոստացել է ԱԺ-ում իր ելույթը նվիրել խաբված բնակարանատերերին

Անահիտ Բախշյանը խոստացել է ԱԺ-ում իր ելույթը նվիրել խաբված բնակարանատերերին

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա են անցկացրել Արամի, Բուզանդ, Եկմալյան, Սարյան փողոցների խաբված բնակարանատերերը, ովքեր արդեն 10 նամակ են գրել պետական տարբեր գերատեսչություններին, այդ թվում` Արդարադատության նախարարություն, Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Բնակարանատերերը նշում են, որ խնդիրը չի լուծվել, իսկ գերատեսչություններն անգամ չեն պատասխանել իրենց նամակներին:

Epress.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը` Անահիտ Պողոսյանը, պատմել է, որ բնակարանատերերի խնդրով զբաղվող ֆինանսների նախարարության գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը երեկ ընդունել է իրեն:

«Դավթյանը խոստացել էր ուսումնասիրել մեր գործերը, բոլորիցս փաստաթղթեր է հավաքել, հիմա նա ասում է, որ բոլորիս գործերն էլ օրինական ձևակերպում ունեն, կա վճիռ, կա կնիք, և ինքը ոչինչ չի կարող անել: Առաջարկում է դիմել դատարան»,- մեզ հետ զրույցում պատմել է Անահիտ Պողոսյանը:

Ինչպես հայտնել  է ակցիայի մեկ այլ մասնակից Սոնա Մաղաքյանը, իրենք նման հիասթափեցնող պատասխան են ստացել նաև Արդարադատության նախարարության օրինականության վերահսկման վարչության պետ Նորայր Փանոսյանից:

«Փանոսյանն ասում է` մեկ ամիս է անցել,  բայց մեկ չի, չորս է: Բացի դա, մենք չենք տեսնում` իրենք զբաղվում են գործով, թե ոչ: Նոտարական գրասենյակը Արդարադատության նախարարությանն է ենթարկվում: 2006 թվականից ի վեր սխալ գործարքներ են կազմել, մի՞թե այսքան տարների ընթացքում նախարարությունը ստուգումներ չի իրականացրել, որ ոչ մի գործ չի բացահայտել»,- ասել է Սոնա Մաղաքյանը:

Կառավարության նիստի ավարտին  բողոքող մարդկանց լսել է պատգամավոր Անահիտ Բախշյանը: Նա խնդրել է իրեն ներկայացնել գործի բոլոր մանրամասները, որպեսզի նա ԱԺ-ում իր հաջորդ ելույթը նվիրի խաբված քաղաքացիների խնդրին:

Հիշեցնենք, որ 2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Դեպքի առնչությամբ անցյալ տարվա վերջին քրեական գործ են հարուցել, Պապոյանը փախուստի է դիմել: Բնակիչները Epress.am-ին պատմել են, որ ՀՔԾ-ում իրենց ասել են, թե գործը կարող է ամիսներ տևել, քանի որ դեպքերի առնչությամբ հարյուրավոր անձանց պետք է հարցաքննել:

Քաղաքացիներին խաբած «Գապբնակշին» ընկերությունը 2012թ. հունվարի մեկից լուծարվել է: Բնակիչները կարծում են, որ սա պատասխանատվությունից խուսափելու փորձ է Գագիկ Պապոյանի ընկերության կողմից: