Home / Հայաստան / Արզումանյանը ՀԱԿ-ի հետ կհամագործակցի, բայց «նույն գետը երկրորդ անգամ չի մտնի»

Արզումանյանը ՀԱԿ-ի հետ կհամագործակցի, բայց «նույն գետը երկրորդ անգամ չի մտնի»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է որպես գաղափարական միավորում և պայքարելու է զուտ գաղափարական հենքի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է Ազատ Դեմոկրատներ կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա խոսքով` նույն գաղափարախոսությունը կիսող «Ժառանգություն» կուսակցության հետ իրենք ունեն գործընկերային հարաբերություններ:

««Ժառանգության հետ  միասնական պայքարելու ենք ընտրակեղծիքները թույլ չտալու, վստահված անձանց միասնական ինստիտուտներ կայացնելու և մի շարք հարցերում, չենք բացառում նաև «Ժառանգության» հետ միասնական ցուցակով հանդես գալը, որևէ խնդիր չենք տեսնում, բայց այս պահին քննարկումներ են գնում, և ամեն ինչ պարզ կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում», – նշել է Արզումանյանը:

Ըստ նրա` Հանրապետական կուսակցության համար այս ընտրությունները  դիտարկում են որպես նախագահական  ընտրությունների նախաբան:

«Սա գլխավոր փորձն է, և ՀՀԿ-ն անելու է հնարարավոր ամեն ինչ` վերարտադրվելու համար», – ասել է Արզումանյանը:

Ինչ վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսի հետ համագործակցությանը, ապա Արզումանյանը նշել է, որ նույն գետը երկու անգամ չեն մտնում:

«Այս պահին ՀԱԿ-ի հետ  համագործակցության եզրեր չեմ տեսնում, բայց չի բացառվում հետագայում  դաշինքը՝ կեղծիքները բացառելու առումով թե ՀԱԿ-ի, թե ՀՅԴ-ի, թե «Ժառանգության» հետ»,- ասել է նա: