Home / Հայաստան / Մարգար Օհանյանի գործով վկան դատարանում երկրորդ անգամ փոխեց ցուցմունքը

Մարգար Օհանյանի գործով վկան դատարանում երկրորդ անգամ փոխեց ցուցմունքը

ՀՀ ճանպարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի և նույն գործով որպես մեղադրյալներ անցնող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Արա Լևոնյանի և Սամվել Մախմուրյանի գործով դատավարության ժամանակ այսօր հարցաքննվել է միայն մեկ վկա` Արսեն Արշակյանը: Վերջինս ներկայումս 2-րդ սպայական գումարտակի հրամանտարն է, իսկ նախկինում եղել է  առաջին սպայական գումարտակի հրամանատարը:

Նա դատարանում տված իր ցուցմունքում հայտնել է, որ գումարտակին տրվող վառելիքը չէր բավականացնում և որ ինքն այդ խնդրով դիմել է Ստեփան Կարախանյանին: Վերջինս ասել է, որ դա արվում է Մարգար Օհանյանի ցուցումով: Արշակյանն ասել է, որ նույն հարցով դիմել է Օհանյանին, ով, ըստ Արշակյանի,  պատասխանել է, որ տեղյակ է, որ քիչ բենզին են ստանում:

Մարգար Օհանյանի այն հարցին, թե այդ դեպքում ինչու նա անօրինականությունների մասին գրավոր չի դիմել համապատասխան մարմիններին, Արշակյանը պատասխանել է, որ ինքը տեղյակ էր, որ այդ բենզինը օգտագործվում է  ծառայության համար, և եթե իմանար, որ այլ նպատակների է ծառայեցվում, կդիմեր:  Արշակյանը նաև ասել է, որ քիչ բենզինի պատճառով իրենց ծառայությունը չի տուժել:

Վկայի հարցաքննությունից հետո  դատավոր Մխիթար Պապոյանն ընթերցել է  գործով արդեն հարցաքննված վկա Եղիշե Ենգիբարյանի գրավոր դիմումը` ուղղված դատարանին: Գրության մեջ նա նշել է, որ դատարանում տված իր ցուցմունքները սխալ են եղել, քանի որ ինքը դատարանում կաշկանդված է եղել և խնդրում է հիմք ընդունել իր` նախաքննության ժամանակ տված ցուցմունքները: Հիշեցնենք, որ Ենգիբարյանը  սպայական գումարտակի առաջին վաշտի հրամանատարն է, և դատարանում տված  իր ցուցմունքում նա սկզբում նշել է, որ  ինքը ամսական ստացել է 350 լիտր բենզին և որքան ստացել է, այդքանի տակ էլ ստորագրել է:

Իսկ երբ մեղադրող Հարություն Հարությունյանը հարց է ուղղել Ենբգիբարյանին` արդյոք աշխատակիցները երբևէ դժգոհել են բենզինի պակասից, վերջինս պնդել է, որ դժգոհոթյուններ չեն եղել, սակայն ինքը խոսակցություններ է լսել, որ նման խնդիրներ եղել են, բայց ոչ իր հետ: Դրանից հետո  դատախազը հայտարարել էր, որ Ենգիբարյանի` դատարանում տված ցուցմունքի և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների մեջ կան էական հակասություններ, և միջնորդել էր դատավորին ներկայացնել նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:

Ըստ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքի` Ենգիբարյանը նշել է, որ իր աշխատակիցները դժգոհել են բենզինի պակասից և որ ղեկավարությունն այդ մասին տեղյակ էր: Այդ հակասությունը Ենգիբարյանը բացատրել էր նրանով, որ այն ժամանակ սխալմունք է տեղի ունեցել, քանի որ նախաքննության ժամանակ էլ ինքը նշել էր, որ դժգոհությունների մասին պարզապես խոսակցություններ է լսել և որ ինքն անձամբ նման խնդիրներ չի ունեցել: Սակայն այսօր, ինչպես պարզվեց իր ուղարկած գրությունից, գնդապետի ուսադիր կրող Ենգիբարյանը դատարանում դարձյալ սխալ ցուցմունք է տվել:  Այս առնչությամբ Մարգար Օհանյանն ասել է.

«Պարզից էլ պարզ էր, որ վկայի վրա ճնշում է եղել, որ նման դիմում գրի: Սակայն դատարանում գտնվող թե լրագրողները, թե մյուս մասնակիցները տեսան, որ նա դատարանում կաշկանդված չի եղել»:

Այնուհետև դատարանում ընթերցվեցին  երկու վկայի`  Արմեն և Մերուժան Կարապետյանների նախաքննական  ցուցմունքները, որոնց ներկայությունը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել ապահովել դատարանում: Նրանք երկուսն էլ նշել են, որ ստացել են քիչ քանակությամբ բենզին, սակայն ստորագրել են ավելի շատ ստացած թվի տակ: Հաջորդ դատական նիստին կհարցաքննվի Նիկողայոս Եղիազարյանը, ում պատշաճ կերպով ծանուցվել է, սակայն նա չի ներկայացել դատարան:

Դատարանն առայժմ զերծ կմնա նրան բերման ենթարկելու որոշում կայացնելուց և կփորձեն հաջորդ դատական նիստի համար նրան ևս մեկ անգամ ծանուցել:

Դատական նիստի ավարտից հետո` մինչ դատարանից կտանեին Մարգար Օհանյանին, լրագրողները մի քանի հարց ուղղեցին նրան: Այն հարցին, թե ինչու վկա Ենգիբարյանը փոխեց իր ցուցմունքը, Օհանյանն ասել է.

«Դուք արդեն լսել եք, տեսել եք` վկան կաշկանդված եղել է թե ոչ, ինքներդ որոշեք: Ես իմ ցուցմունքում ամեն ինչ կասեմ»:

Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստին մասնակցում էր նաև ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:  Իսկ նախորդ դատական նիստի ժամանակ դատարանում էր նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը:

Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 7-ին, ժամը 12.30-ին: