Home / Հայաստան / Սարկոզին մինչև վերջ պայքարելու է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի համար

Սարկոզին մինչև վերջ պայքարելու է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի համար

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անմիջապես Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր բանաձև կներկայացնի, եթե Սահմանադրական խորհուրդը մերժի ներկայիս օրինագիծը, այս մասին AFP-ին հայտնել են Ֆրանսիայի կառավարության երկու անդամներ, որոնք չեն ցանկացել նշել իրենց անունները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովի, իսկ հունվարի 23-ին  Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկվել է մի խումբ սենատորների կողմից, և այժմ Սահմանադրական խորհուրդը պետք է որոշի արդյոք այն իրավաչափ է և չի հակասում սահմանադրությանը, որից հետո միայն նախագահ Սարկոզին կարող է վավերացնել օրինագիծը և օրենքի ուժ հաղորդել բանաձևին:

«Նախագահը նախարարների կաբինետում ասաց, որ անմիջապես նոր բանաձև կներկայացնի, եթե Սահմանադրական խորհուրդը մերժի օրինագիծը», – պատմել է նախարարներից մեկը:

Մեկ այլ նախարար պատմել է, որ Սարկոզին քննադատել է կառավարության այն անդամներին, ովքեր դեմ են հանդես եկել օրինագծին`նշելով, որ «իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում»:

Նա նշել է նաև, որ օրինագծի մերժումը կարող է հիմք հանդիսանալ Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքը կասկածի տակ դնելու համար:

Նշենք, որ Սահմանադրական խորհուրդը պետք է իր վերջնական եզրակացությունը ներկայացնի մեկ ամսվա ընթացքում, բայց այս ժամկետը կարող է կրճատվել մինչև 8 օր, եթե կառավարությունը խնդիրը որպես հրատապ ներկայացնի: