Home / Հայաստան / Տիգրան Առաքելյանին դատարան բերել էին, բայց դահլիճ չէին թողել. Փաստաբանը զարմանում է

Տիգրան Առաքելյանին դատարան բերել էին, բայց դահլիճ չէին թողել. Փաստաբանը զարմանում է

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատական հերթական նիստն այսօր դատավոր Գագիկ Պողոսյանը սկսել է որոշման հրապարակմամբ, համաձայն որի ինքը Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմել է ՀՀ փաստաբանական պալատ:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը որոշում էր կայացրել դատարանի դահլիճից հեռացնել մեղադրյալ Տիգրան Առաքելյանին, որից  հետո Վահե Գրիգորյանը նույնպես լքել է դատարանի դահլիճը` հրաժարվելով առանց իր պաշտպանյալի ներկայության մասնակցել դատական նիստին:

Դատավորը, իր հերթին, պաշտպանին ասել էր, որ եթե նա լքի դատական նիստերի դահլիճը, ապա Առաքելյանի նկատմամբ կիրառված սանկցիան կշարունակվի այսօր նշանակված  դատական նիստի ընթացքում:

Այսօր Պողոսյանն իրականացրեց խոստացածը. Տիգրան Առաքելյանը դատական նիստերի դահլիճում չէր, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, նա դատարանի շենքում էր:

Նիստի ժամանակ Վահե Գրիգորյանը միջնորդել է վերացնել Առաքելյանի նկատմամբ կիրառված սանկցիան և ապահովել դահլիճում նրա ներկայությունը:

Դատավորը մերժել է փաստաբանի միջնորդությունը, որից հետո Գրիգորյանը հանդես է եկել մեկ այլ միջնորդությամբ` խնդրելով,  որպեսզի դատական նիստը  հետաձգվի: Գրիգորյանը պատճառաբանել է, որ իր պաշտպանյալի հետ պետք է խորհրդակցի դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հարցի շուրջ:

Դատավորը 15 րոպեով ընդմիջում է հայտարարել, որի ժամանակ Վահե Գրիգորյանը Առաքելյանի հետ խորհրդակցելու հնարավորություն է ստացել: Ընդմիջումից հետո Գրիգորյանը հայտարարել է, որ Առաքելյանի հետ խորհրդակցելուց հետո դատարանից խնդրում է երկու աշխատանքային օր ժամանակ, որպեսզի պատրաստի ինքնաբացարկի միջնորդությունը: Դատավորը բավարարել է տվյալ միջնորդությունը, և հաջորդ դատական նիստը նշանակել է փետրվարի 7-ին, ժամը  15.30-ին:

Նիստից հետո փաստաբան Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալի` այսօրվա նիստին չմասնակցելը վերջինիս իրավունքների կոպիտ խախտում է, և դատարանը դուրս է եկել սանկցիայի սահմաններից:

«Բնականորեն Տիգրան Առաքելյանն այսօր պիտի մասնակցեր նիստին, որովհետև սանկցիան ավարտվել էր: Եվ եթե նա չպետք է մասնակցեր դատական նիստին, ապա նրան առհասարակ դատարան բերելու, ներկայացնելու անհրաժեշտություն չկար: Ինձ համար անհասկանալի է` ինչու նրա մասնակցությունը թույլ չտվեցին», – ասել է Վահե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը: