Home / Հայաստան / «Բարսան» կիսաեզրափակիչում է. Մեսսիի երկու գոլն ու ռեկորդը

«Բարսան» կիսաեզրափակիչում է. Մեսսիի երկու գոլն ու ռեկորդը

Կատալոնյան «Բարսելոնան» 5-րդ մրցաշրջանում անընդմեջ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց: Ապրիլի 3-ին «Բարսայի» ֆուտբոլիստները 3:1 հաշվով սեփական հարկի տակ պարտության մատնեցին իտալական «Միլանին»՝ նախորդ շաբաթվա գոլազուրկ ոչ-ոքիից հետո:

Դեռևս առաջին խաղակեսում «Բարսան» մեծ առավելություն և իրական գոլային պահեր ուներ, սակայն կարողացավ գոլի հեղինակ դառնալ միայն 11-մետրանոցների օգնությամբ: Երկու դեպքում էլ գնդակին մոտեցավ Լիոնել Մեսսին և հստակ իրացրեց հարվածները, բայց եթե առաջին դեպքում 11-մետրանոցն անվիճելի էր, ապա երկրորդ դեպքում այն լուրջ վիճաբանության առարկա դարձավ: «Բարսան» անկյունային էր իրացնում, երբ տուգանային հրապարակում Նեստան քաշեց Բուսկետսի շապիկից: Հոլանդացի մրցավար Բյորն Կույպերսը ցույց տվեց նշակետին, ինչը «Միլանի» ֆուտբոլիստների բուռն դժգոհության առիթ դարձավ: Նրանք պնդում էին, որ նախ Նետսային, իր հերթին, խանգարում էր Պույոլը, իսկ անկյունայինը դեռ չէր իրացվել: Սակայն մրցավարն անդրդվելի մնաց՝ չհամաձայնվելով միլանցիների հետ: Խաղից հետո կատալոնյան լրատվամիջոցները պնդում էին, որ 11-մետրանոցը տեղին էր, մինչդեռ իտալացիները մեղադրում էին հոլանդացի մրցավարին կողմնակալության մեջ:

Խաղից հետո նույնը ասել է իտալական ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ նշելով, որ երկրորդ դեպքում գնդակը խաղի մեջ չէր, և մրցավարը իրավունք չուներ 11-մետրանոց նշանակել:

Կատալոնյան թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլան, իր հերթին, նշել է, որ Նեստան ակնհայտորեն քաշում էր իր ֆուտբոլիստի շապիկից: Նա հիշեցրել է, որ դեռևս առաջին խաղում չի խոսել ակնհայտ 11-մետրանոցների մասին, որոնք չնշանակվեցին ի օգուտ իր թիմի, և չի պատրաստվում ծավալվել նաև երկրորդ խաղի նշանակված տուգանքների մասին:

Մեսսիի երկու գնդակների միջև տեղավորվեց Ալբերտո Նոչերինոյի գոլը, որը կայացավ «Միլանի» հակագրոհներից մեկի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում «Բարսան» շարունակեց ճնշում գործադրել մրցակցի դարպասի վրա, և Մեսսիի մասնակցությամբ ևս մեկ գրոհ ավարտվեց դարպասի գրավմամբ. արգենտինացու հարվածի ճանապարհը փակեց պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը, բայց գնդակն անդրադարձով հայտնվեց Անդրես Ինյեստայի մոտ, ով մոտ տարածությունից ամրագրեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 3:1

Ի դեպ, Մեսսիի երկու գնդակն օգնեց նրան կրկնել Եվրոպայի ուժեղագույն մրցաշարի ռեկորդը. մինչ այս մեկ մրցաշրջանում 14 գնդակ էր խփել միայն բրազիլացի Ժոզե Ալտաֆինին «Միլանի» կազմում 1962/1963թթ. մրցաշրջանում:

Օրվա մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» 2:0 հաշվով հաղթեց Մարսելի «Օլիմպիկին»՝ կրկնելով առաջին հանդիպման արդյունքը:

«Բավարիայի» հետ հանդիպելու է «Ռեալ»- ԱՊՈԵԼ (առաջին խաղը 3:0), իսկ «Բարսելոնայի» հետ «Չելսի»-«Բենֆիկա» (առաջին խաղը 1:0) զույգի հաղթողը:

Լուսանկարը՝ AFP