«Արմավիա» ընկերության կողմից պայմանագրային կետերը խախտելու արդյունքում «Մագնոլիա տուր» տուրիստական գործակալությունը կրել է մեծ վնասներ և այժմ չի կարողանում «Արմավիային» պատասխանատվության ենթարկել և փոխհատուցում պահանջել, քանի որ դատարանները գործը վարույթ չեն ընդունում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Մագնոլիա տուր» ընկերության սեփականատեր Աննա Սարգսյանը, ով նաև պատմել է, որ, ըստ 2009 թվականին «Արմավիայի» հետ կնքած պայմանագրի, իրենք իրավունք ունեն ամսական մնացորդավճար ունենալ և դրա համար վճարել 0.2%-ի չափով տուրք, սակայն մնացորդի կուտակվելուց հետո «Արմավիան» դադարեցրել է սպասարկումը:
«2011թ. «Մագնոլիա տուր» ՍՊԸ-ն դիմել է դատարան, սակայն դատավոր Արթուր Մկրտչյանը հաշվի չի առել մեր բերած 32 հիմքերը և մերժել է գործը: Մենք պահանջում էինք պարտավորեցնել «Արմավիային»` պայմանագրով սահմանված պատասխանատվությունները կատարել և վնասի փոխհատուցում ապահովել: Մերժումից հետո վերաքննիչ դատարան ենք բողոքել, սակայն գործը վարույթ չի ընդունվել նյունիսկ», – ասել է Սարգսյանը` հավելելով, որ ընկերության վնասը հասել է 13 միլիոն դրամի:
Իրավաբան Գայանե Խաչատրյանը Epress.am-ի հետ զրույցում նկատել է, որ անհիմն գործերը վարույթ ընդունել մերժելը սովորական պրակտիկա է դարձել և հանգեցնում է դատարանի հանդեպ վստահության կորստի:
Այժմ «Մագնոլիա տուրը» դիմել է Վճռաբեկ դատարան: Ընկերության տնօրեն Աննա Սարգսյանը կարծիք է հայտնել, որ «Արմավիայի» անօրենի գործողությունները և դատարանի պահվածքը վկայում են այն մասին, որ «Արմավիան» ունի հզոր հովանավորչություն:
«Արմավիա» ընկերության փաստաբան Արտավազդ Պետրոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ համագործակցության արյունքում ոչ թե «Մանգոլիա տուր» ՍՊԸ-ն է տուժել, այլ «Արմավիան», ում տուրիստական գործակալությունը պարտք է 2 միլիոն 800 հազար դրամ:
«Արմավիայի» կողմից ծառայությունների կասեցումը փաստաբանը նորմալ է համարել և համեմատել է բջջային օպերատորի կողմից վարձը չվճարելու դեպքում զանգ կատարելու հնարավորության սառեցման հետ: Պետրոսյանի խոսքով` պայմանագրի 5-րդ կետի համաձայն` տուրօպերատորը իրավունք չուներ տնօրինել տոմսերից ստացված գուրմարը, այլ պետք է դա վճարեր «Արմավիային», մինչդեռ մինչև 2011թ. մայիս «Մագնոլիան տուրը» 4 միլոն 350,000 պարտք է ունեցել, երբ բանկային երաշխիքը կազմում է 5 միլիոն դրամ, ուստի «Արմավիան» դիմել է պարտքը բանկից ստանալու համար:
«Մագնոլիա տուր»-ի փաստաբան Սյուզաննա Գրիգորյանի խոսքով` բանկը հրաժարվել է վճարել «Արմավիայի» պարտքը, որովհետև ընկերությունը չի հիմնավորել, որ տուրիստական ընկերությունը խախտել է պայմանագիրը, քանի որ նման խախտում չի եղել: Գրիգորյանը նշել է, որ պարտքը չի գերազանցել 5 միլիոն դրամը, ինչն ամրագրված է պայմանագրի մեջ:
Այժմ կողմերը սպասում են, թե ինչ որոշում կկայացնի Վճռաբեկ դատարանը: