Թուրք hրապարակախոս, հասարակական գործիչ, լրագրող Օրհան Քեմալ Չենգիզը թուրքական Today’s Zaman-ի իր բլոգում անդրադարձել է Հայոց Ցեղասպանության իրականացման ծրագրի ղեկավարներից մեկի՝ Քեմալ փաշայի թոռան՝ Հասան Քեմալի հեղինակած Ցեղասպանության մասին պատմող գրքին: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Նախորդ շաբաթ մեկը մյուսի հետևից երկու հոդված կարդացի: Առաջինը հրապարակվել էր բրիտանական The Independent պարբերականում: Օուեն Ջոնսի հոդվածը հետևյալ խորագիրն ուներ՝ «Ուիլիամ Հեյգը (բրիտանացի քաղաքական գործի, Բրիտանիայի ներկայիս Արտաքին գործերի քարտուղար – խմբ.) սխալվում է… մենք պետք է տեր կանգնենք մեր դաժան գաղութատիրական անցյալին»:
Հոդվածը հետաքրքիր էր մի շարք պատճառներով: Մի բան է հստակ. որպես ժողովրդավարության ամրոց հայտնի երկրին կոչ է արվում առերեսել սեփական պատմությանը: Այս հոդվածից հասկանում ենք, որ «պատմությանն առերեսելը դեռևս թեժ քննարկման թեմա է», անգամ այնպիսի երկրում, ինչպիսին է Միացյալ Թագավորությունը:
Օուենը իր հոդվածը սկսում է Ուիլիամ Հեյգին պատկանող մի քանի մեջբերումներով. «Մենք պետք է դուրս գանք այս հետգաղութատիրական մեղքի զգացումից:… Վստահություն ունենաք մեր ուժերի նկատմամբ»:
Ջոնսի հոդվածը մարտահրավեր է՝ «եկեք մոռանանք ամեն ինչ և հավիտենակական խաղաղության հասնենք» մտածողության տեսակի համար: Որքան գիտեք, պատմության հանդեպ վերաբերմունքի Հեյգի այս տարբերակը բավական տարածված է Թուրքիայում:
Ուշագրավ է այն, որ Օուենը քննադատում է Հեյգի մոտեցումը՝ համեմատականներ տանելով Թուրքիայից Բրիտանիայի սպասումների հետ: Օուենն ասում է . «Մեկ այլ երկրի՝ Թուրքիային, արդարացիորեն կարելի է քննադատել Ցեղասպանությունը չընդունելու մեջ, բայց մեր սեփական պատմության ամենամութ էջերը դիտավորյալ մոռացության են մատնվում»:
Օուենի հոդվածից հետո, տարբեր պարբերականներում գտա մի քանի հարցազրույցներ Հասան Քեմալի հետ, որոնք բոլորն էլ նրա նոր՝ «1915. Հայոց Ցեղասպանություն» գրքի մասին էին: Գիրքը դեռևս չի հրատարակվել, բայց այն արդեն բավական հայտնի է Թուրքիայում: Ոմանք քննադատում են Քեմալին, մի մասն էլ գովում է նրան:
Քեմալը Թուրքիայում բավական հայտնի գործիչ է: Նա լրագրող և գրող է, Milliyet daily-ի մշտական սյունակագիրը: Քեմալ Փաշայի թոռն է, Քեմալը 1915 թվականին հայերի ջարդերը կազմակերպած երեք առաջնորդներից մեկն էր:
Կարծում եմ՝ նրա գիրքը ճիշտ ժամանակին է հրատարակվում և իմաստ ունի: Դեռևս տեսել եմ միայն գրքի շապիկն ու մի քանի նախադասություն եմ կարդացել նախաբանից: Շապիկի վրա Քեմալի նկարն է, որում նա ծաղիկներ է դնում Երևանում Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Ակնհայտ է, որ գիրքը թեժ քննարկումների առիթ կդառնա մոտակա օրերին:
Օուենի նման Քեմալն ընդգծում է անցյալին առերեսելու անհրաժեշտությունը այն բոլոր հարցազրույցներում, որ տվել է: Նա ասում է.« Չենք կարող առաջ շարժվել առանց բախվելու և անցյալի իրադարձությունները հաշվի առնելու: Չենք կարող աչք փակել անցյալի հանցագործությունների վրա: Ավելին, 1915-ի ցավը պատմություն չէ, այն այսօրվա խնդիր է»:
Ցանկանում եմ եզրափակել հոդվածը Քեմալի նոր գրքից մեջբերված մի քանի տողերով:
«Չեմ կարողանում մոռանալ 2008 թվականի սեպտեմբերի երևանյան այդ առավոտը: Առավոտյան արևի առաջին շողերը, Արարատ սարի գագաթը հայտնվում ու անհետանում էր մառախուղի մեջ: «Պատմության ձեռքը, գրեցի այդ առավոտ, ցույց կտա ճանապարհը նրանց, ովքեր ուզում են տեսնել»: 1919 թվականին, Անգլիայի գաղութատիրական բանակը կրակ բացեց հնդիկ ժողովրդի վրա՝ հանցագործություն իրականացնելով մարդկության դեմ՝ ձեռքերը արյունոտելով Ամրիթսարի ջարդերի մեջ: 1997-ին Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը՝ ներողություն խնդրեց Հնդկաստանի ժողովրդից՝ նշելով, որ այն, ինչ պատահել է Ամրիթսարում ողբերգություն է, «բայց պատմությունը հնարավոր չէ կրկին գրել, այդուհանդերձ շատ բաներ պետք է ցանկանանք, որ այլ կերպ լինի»: Իհարկե, մենք չենք կարող փոխել պատմությունը, սակայն պատմությանն առերեսելը մեր ձեռքերում է: Չենք կարող լուռ մնալ ցավի առջև: Չենք կարող թույլ տալ երեկվան պատանդ վերցնել մեր այսօրվա օրը: Իսկական խաղաղության և ժողովրդավարության կարելի է հասնել դժբախտաբար միայն անտանելի ցավի միջով անցնելով, ինչպես Հրանտ Դինքի դեպքում՝ մեծ գին վճարելով: Ակնհայտ է, որ որոշ հասարակությունների կյանքում որոշ քարեր չեն դրվում առանց հատուցման, կամ նրանք չեն դրվում այնտեղ, որտեղ պետք է լինեն»: