ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերքել է այն ասեկոսեները, համաձայն որոնց 2008 թվականի մարտի 1-ից հետո նա մտածել է չստանձնել իշխանության ղեկը:
«Դա կլիներ դավաճանություն, և ես երբեք պայքարի դաշտը դժվար ժամերին չեմ լքել», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ ինքն անձնապես ծանր է տարել այդ իրադարձությունները, բայց չի համարում, որ հասարակության, պետության կայունության միակ պատասխանատուն իշխանությունն է:
«Այո՛, առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց երկրի կայունության, երկրում տիրող ազատության, հանգիստ մթնոլորտի համար պատասխանատու են բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց պրոբլեմները, անհաջողությունները մշտապես փորձում են պայմանավորել իշխանությունների գործունեությամբ, որոնց համար մշտապես մեղադրում են իշխանություններին», – ասել է երկրի ղեկավարը:
Անդրադառնալով հարցազրուցավարի դիտարկմանը, թե իր ծրագրային ելույթում
Սերժ Սարգսյանն ընդգծել էր, որ իր պաշտոնավարության օրոք պակասել է անհանդուրժողականությունը, նա ասել է, որ այժմ առկա է խոսքի ազատության, արտահայտվելու գրեթե 100 տոկոս ազատություն:
«Սրանք միջոցներ են, որոնք պակասեցնում են անհանդուրժողականությունը երկրի ներսում, բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս պրոցեսները լինեն անշրջելի, թեև նույնիսկ ավանդույթներ ունեցող պետություններում այս վտանգը առկա է: Ուստի նորից եմ կրկնում՝ բոլոր քաղաքական ուժերը իրենց պետք է պատասխանատու զգան կայունության համար, և իրենց պետք է պատասխանատու զգան նաև արդյունքների համար: Եվ ինչքան քիչ լինի անհանդուրժողականությունը, այնքան քիչ կլինեն արկածախնդիրներ, ովքեր կփորձեն այդ անհանդուրժողականությունը օգտագործել սեփական շահերի համար:
Դուք ասում եք՝ իշխանությունները բռնություն գործադրեցին: Բայց արդյո՞ք միայն իշխանությունները բռնություն գործադրեցին: Իշխանությունների համար բնավ դա պետք չէր: Ինչո՞ւ էր պետք իշխանություններին, երբ իշխանությունները ընտրություններում մեծամասնություն ունեին: Իշխանություններին պետք էր, որպեսզի ի՞նչ անեին․․․ մրոտեի՞ն ընտրությունների արդյունքները, իշխանություններին պետք էր, որպեսզի հավելյալ դժվարություննե՞ր ունենային:
Ես կարծում եմ, որ ողբերգությունը տեղի է ունեցել, որովհետև բոլորս էլ մեղավոր ենք: Սա ես չեմ ասում պայմանով, որ եթե ուրիշներն էլ ասեն՝ մենք մեղավոր ենք, իմ ասածը ճիշտ կլինի: Ո՛չ: Եթե իրենք համարում են, որ իրենք մեղավոր չեն, ի վերջո նրանք էլ են միայնակ մնում, նրանք էլ են խոսում իրենք իրենց հետ, նրանք էլ են ի վերջո պատասխանատու իրենց խղճի առջև: Այնպես որ՝ թող խորհեն: Ես համարում եմ, որ բոլորս էլ մեղավոր ենք: Եթե մենք մեզ համարում ենք մեր կյանքի ընթացքի վրա ազդեցություն ունեցող մարդիկ, ապա եթե չենք կարողացել այդ վատը կանխել, ուրեմն բոլորս մեղավոր ենք», – ասել է Սերժ Սարգսյանը: