Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութ է տարածվել, որը YouТube կայքում է հայտնվել 2011 թվականի հոկտեմբերին: Տեսանյութի մեկնաբանություններում ասված է, որ ադրբեջանցի երգիչ Նասիբ Ջաֆարովը մասնակցում է հայկական խնջույքին:
Տեսանյութում լսվում է, թե ինչպես հայաստանցի երգիչ Ստիպակցի Հայկոն (Հայկ Ղևոնդյան-խմբ.) կոչ է անում «ծափ տալ էս մեր ախպորը՝ Նասիբին»:
«Նասիբը մեր լավ հյուրն ա էսօր, ինքը մեր սաղիս գլխի վրա տեղ ունի», – ասում է Սպիտակցի Հայկոն և առաջարկում է Նասիբին երգել:
Դրանից հետո երգիչները մի քանի կատարում են հնչեցնում, այդ թվում՝ զույգերով մուղամներ են երգում դուդուկի նվագակցությամբ:
Տեսանյութի վերջում երաժիշտները դիմում են միմյանց հայերեն՝ ասելով «ախպեր ջան»:
Անդրադառնալով տեսանյութին՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հատուկ նշում են, որ Ջաֆարովը ծնունդով Ղարաբաղից է: Սա առաջին դեպքը չէ, երբ հայ ու ադրբեջանցի երգիչը միասին են երգում: 2011 թվականի գարնանը ադրբեջանական ԶԼՄ-ներում բազմաթիվ հոդվածների պատճառ էր դարձել մոսկովյան ռեստորաններից մեկում արված տեսանյութը, որտեղ հայաստանցի երգիչ Վլե Խալոյանը (կեղծանունը՝ Եզդի Վլե, նա ազգությամբ եզդի է – խմբ.) կատարում է «Սրտի բանալի» երգը, որի ընթացքում նրան միանում է ադրբեջանցի երգիչ Տաջիր Շահմալիօղլուն և շարունակում է երգն իր մայրենի լեզվով:
Ապա Խալոյանը գրկառանվում է Տաջիրի հետ (լուսանկարում), վերջինս իր տեղն է զբաղեցնում, որից հետո Վլեն շարունակում է երգել: Հետագայում այդ տեսնյութը ջնջվել է YouTube-ից:
Այն ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները նույնպես մեծ ուշադրություն էին դարձրել այն փաստի վրա, որ ադրբեջանցի երգիչն ծնունդով Լեռնային Ղարաբաղից է:
Այս առնչությամբ Aze.az-ը գրել էր, որ «ծագումով Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի երգչի հայ երգչի հետ կատարումը ցնցել է ադրբեջանական հանրությանը»:
«Յենի Մուսավաթի» հետ զրույցում երգիչը նշել էր, որ այդ միջոցառումը կայացել էր 2011 թվականի հունվարի 1-ին: «Ադրբեջանցիների հետ համերաշխության օրը, ես հրավեր ստացա մասնակցելու մոսկովյան «Պրեստիժ» ռեստորանում երեկո անցկացնելու: Իսկ կայքերում ռեստորանի անունը սխալմամբ «Օջախ» է անվանվում: Տվյալ ռեստորանը պատկանում է ադրբեջանցի գործարար Նազիմին: Միջոցառման ընթացքում պարզվեց, որ երեկոյին ներկա են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Ներկա էին և քրդեր, և հայեր: Հայ երգիչը կատարեց մեր երգը իրենց լեզվով, և ներկայացրեց այն որպես հայկական երգ: Այլ կերպ ես չեի կարող վարվել: Եվ ես որպես մարդ, որը ներկայացնում է ազգի մշակույթը, երգեցի այդ երգը ադրբեջաներեն: Ասում են մշակույթը ամենամեծ քաղաքականությունն է, ելնելով այդ տրամաբանությունից, ես պատասխանեցի նրանց` այդ երգը կատարելով հարազատ լեզվով: Եթե ես չպատասխանեի նրանց, դա ճիշտ չէր լինի իմ կողմից: Քաղաքակիրթ կերպով կատարելով երգն ադրբեջաներեն , ես պատասխանեցի հակառակ կողմին»: