Մրցակցային ընտրությունների անցկացումը անհրաժեշտ է ժողովրդավարության տեսանկյունից, սակայն, մրցակցությունից զատ, միջազգային դիտորդների համար կարևոր է, որպեսզի հայաստանյան ընտրություններն անցնեն միջազգային ստանդարտներին համապատասխան: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Նրա խոսքով՝ այդ առումով չափազանց կարևոր է հավասար խաղի պայմանների ապահովումը նախագահի բոլոր թեկնածուների համար, առաջին հերթին՝ լրատվամիջոցների հասանելիությունը:
Թեև այս հարցում դեսպանը վերջին տարիների ընթացքում դրական տեղաշարժ է նկատել, այնուամենայնիվ, նա նշել է, որ Հայաստանի համար չափազաց արդիական է մնում ընտրակաշառքների խնդիրը, ինչպես նաև վարչական ռեսուրսը սեփական քաղաքական շահերին ծառայեցնելը: Հենց այս երկու խնդիրները, նրա խոսքով, կլինեն դիտորդների ուշադրության կենտոնում:
Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե անգամ ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ ընտրատեղամասերում կեղծիքներ գրեթե չեն գրանցվում, քանի որ նախքան բուն ընտրությունները ձայները գնվում են կամ օգտագոծվում է վարչական ռեսուրսը, Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ քաղաքացիական հասարակությունը, լրագրողները, ինչպես նաև շարքային քաղաքացիները կհետևեն, որպեսզի նման իրավիճակ չստեղծվի, և եթե խախտումներ նկատեն, ապա այդ մասին կտեղեկացնեն պատկան մարմիններին, որպեսզի վերջիններս կարողանան հետամուտ լինել խնդրի լուծմանը:
«Եթե խախտումների մասին չեն խոսում, ապա դրանք կշարունակվեն: Մարդկանց կողմից պետք է քայլեր լինեն, այլապես իրավիճակը չի փոխվի», – ասել է Ջոն Հեֆերնը:
Հաղորդավարի դիտարկմանը, թե մարդիկ կորցրել են վստահությունը իրավապահ մարմինների հանդեպ, քանի որ վերջիններս շահագրգռված են մեկ թեկնածուի հաղթանակի մեջ, դեսպանը պատասխանել է, թե ընտրությունների վերաբերյալ բազմաթիվ զեկույցներ է կարդացել և զրուցել հարյուրավոր մարդկանց հետ, սակայն, մատնանշելով բազմաթիվ խնդիրներ, նրանցից ոչ ոք չի ասել, թե քվեարկությունը գաղտնի չի անցնում:
«Խոսվել է տարբեր խնդիրների մասին: Բայց եթե մարդ ցանկանում է տվյալ կուսակցության օգտին քվեարկել, ապա կարող է դա անել: Որպես Հայաստանի քաղաքացի դա իրենց իրավունքն է, քվեարկությունը գաղտնի է»:
Խնդիրը լուծելու տարբերակը, ըստ դեսպանի, «խղճի մտոք քվեարկելն է»: