Home / Տեսանյութեր / Ապօրինի շինարարություն «Ջազվե» և «Օրիենտո» սրճարաններում. Ակտիվիստները լքում են հանձնաժողովը

Ապօրինի շինարարություն «Ջազվե» և «Օրիենտո» սրճարաններում. Ակտիվիստները լքում են հանձնաժողովը

Երևանում հարյուրավոր հանրային տարածքներ են յուրացվում (այդ թվում նաև 2 ապօրինություն Օպերայում), հաղորդում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը՝ իր հայտարարության մեջ նշելով, որ որոշել է դուրս գալ Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից:

Նախաձեռնության անդամներն իրենց որոշումը պատճառաբանում են նրանով, որ հանձնաժողովի կարծիքներն ու քննարկումները ոչ մի նշանակություն չունեն Երևանի քաղաքապետի որոշումների և բաժինների համար:

«Այս պահին Երևանի սրտում՝ Օպերայի բակում, երկու ապօրինի շինարարություններ են ընթանում՝ «Ջազվե» և «Օրիենտո» սրճարաններում: Ամիսներ առաջ նախաձեռնության ներկայացրած ապօրինի 40 կառուցապատումները Երևանի կարևոր հանրային հատվածներում չեն ստացել քաղաքապետարանի իրավական հիմնավորված պատասխան, իսկ 20 առաջարկները և բյուջետային միջոցների մասնրամասն ծախսերի մասին հարցումները մնացել են անարձագանք: Այդ թվում մինչև օրս քաղաքապետարանը չի պարզաբանել, թե Խանջյան 28 հասցեում փլուզված շենքը երբ է ապամոնտաժվելու, իսկ մեղավորները չեն պատժվել: Իսկ Օպերային կից այգու սոսիների արմատներին թափված բետոնն ու շարվող պատերը վկայում են, որ Մաշտոցի պուրակից դասեր չեն քաղվել»,-  հանձնաժողովը լքելու պարզաբանման մեջ՝ նշում են ակտիվիստները: