Home / Տեսանյութեր / «Երևան. կազմակերպված քաոս, թե՞ կառավարում». նախաձեռնություններն ամփոփել են խնդիրները (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

«Երևան. կազմակերպված քաոս, թե՞ կառավարում». նախաձեռնություններն ամփոփել են խնդիրները (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

«Մենք ենք այս քաղաքի տերը» և «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունները ներկայացրել են «Երևան. Կազմակերպված քաոս, թե՞ կառավարում» խնդիրների ամփոփումը, ինչը, ըստ նրանց, վկայում է անցած 4 տարվա քաղաքապետերի և ավագանու ձախողման մասին:

Նախաձեռնությունները առաջարկում են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուներին հանդես գալ կոնկրետ լուծումների հստակ նկարագրությամբ՝ հրապարակելով դրանք մամուլում: Նրանք նշում են, որ դրանք լուծելու համար պետք է ընդունակ լինել դեմ գնալու օլիգարխների, գծատերերի և այլ մասնավոր շահերին, ապամոնտաժել կառույցներ, ապահովել Երևանի գլխավոր հատակագծի կիրառումը և հանրությանը վերադարձնել հանրային տարածքները:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ներքոստորագրյալ անհատ քաղաքացիների և քաղաքացիական նախաձեռնությունների այս գնահատականը հենվում է հետևյալ փաստերի և լուսանկարների վրա.

– Երևանի Փակ շուկայում շինարարությունը այն վառ օրինակն է, թե ինչ մակարդակի վրա է գտնվում Երևանի քաղաքապետարանի վերահսկողությունը շինհրապարակների և պատմական հուշարձանների նկատմամբ,

– վեց ամիս շարունակ Երևանի քաղաքապետարանը չի կարողացել իրավական հիմնավորմամբ պատասխան տալ 40 ապօրինի կառուցապատումների ցուցակին (տասնյակ զբոսայգիներ, Նորքի անտառ, Մոնումենտ, Դալմա և այլն), որը դեռևս հոկտեմբերին ներկայացվել է Երևանի քաղաքապետին և էկոլոգիական հանձնաժողովին (այդ թվում նաև ի վիճակի չի պատասխանել, թե ինչ է տեղի ունենում Օղակաձև այգում փլուզված Խանջյան 28 ապօրինի կիսակառույցի հետ),

– Երևանի քաղաքապետարանը կոպտորեն արհամարհում է Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքը և շինթույլտվություններ բաժանում օրենքի դաշտից դուրս և ըստ ազդեցիկ մարդկանց շահերի ու նպատակահարմարության (Լոկալ Դիվելոփերս-Պուշկին փ., ԱՕԿՍ-ի շենք, Նալբանդյան 106 և հարյուրավոր այլ օրինակներ), այժմ էլ Օպերային թատրոնին կից կանաչ գոտու սրճարաններում վերակառուցում և կապիտալ շինարարություն է կատարվում առանց օրինական հիմքի և նախագծի,

– Երևանի տրանսպորտն ու հատկապես երթուղայինների ցանցը գտնվում է կաթվածահար վիճակում` նվաստացնելով երևանցիների արժանապատվությունն ու ծառայելով անհատ գծատերերի շահերին, քաղաքապետարանն այստեղ նույնպես ի վիճակի չէ դեմ գնալ մասնավոր շահերին և կարգավորել ոլորտը,

– ամբողջ գարուն-աշուն ժամանակահատվածում Երևանի փողոցները փակ և անանցանելի են դառնում անորակ ասֆալտապատման աշխատանքների պատճառով, որոնք կատարվում են ամեն տարի` հսկայական միջոցների վատնում և անհարմարություններ բերելով երևանցիներին և Երևանի համայնքին,

– կենտրոնի և ծայրամասերի այգիների բետոնապատումների և ավտոմեքենաների կայանումների պատճառով մշտական խցանումներ են առաջանում,

– երևանցիներին ամեն օր դառը անակնկալներ են մատուցվում` իրենց կամքին և օրենքի պահանջին հակառակ բետոնե կառույցների շինարարությամբ, ինչը հարուցում է մարդկանց զայրույթն ու բողոքը,

– Մաշտոցի պուրակի հարցում քաղաքապետի արհամարհական վերաբերմունքը («Ինձ հետ օրենքով մի խոսեք») դարձավ գագաթնակետը այն իրողության, որ Երևանի հանրային կանաչ տարածքները սրընթաց կերպով կրճատվում են, չեն խնամվում և կոռուպցիոն գործարքների զոհ են դառնում, այդ գործընթացը շարունակվում է մինչև օրս (վերջին օրինակներ` Դավիթաշենի այգիներ, Արզումանյան փ. և այլն),

– Երևանի բյուջեի վերլուծությունը վկայում է այն մասին, որ տասյակ միլիոնավոր գումարներ ծախսվում կամ վատնվում են նեղ անձնական կապեր և բիզնես սպասարկելու, ոչ նպատակային և անիմաստ ծախսերի համար (օրինակ` հանցավոր պրակտիկա է այն փաստը, որ «Կանաչապատում ՓԲԸ»-ները շինաշխատանքներ են իրականացնում կանաչ տարածքների հաշվին և հսկայական միջոցներ ծախսում` վնասելու կանաչ հատվածը),

– չնայած առկա փաստերին (այդ թվում նաև կոմունալ տնտեսությունների անմխիթար վիճակ, մարդկանց նյութական և սոցիալական պայմանների վատթարացում)` Երևանի քաղաքապետարանը մի քանի բակեր վերանորոգելով կամ շաբաթօրյակներ կազմակերպելով, ցածրաճաշակ ձևավորմամբ ամանորյա լուսավորությամբ և այլ ՊՌ-ակցիաներով սոցիալական ցանցերով լայնածավալ ինքնագովերգման և մեծարման քարոզարշավ է իրականացնում (քաղաքապետին կից ստեղծված էկոլոգիական և մյուս հանձնաժողովները ձևական բնույթ են կրում և ոչ մի ազդեցություն չունեն որոշումների վրա, քաղաքապետարանի բաժինները իրավական տեսանկյունից անգրագետ և կամայական պատասխաններ են հղում քաղաքացիների հարցումներին),

– քաղաքապետարանը անցած բոլոր տարիներին ընդգծված դժկամությամբ է վերաբերվել քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիների բարձրացրած հարցերին, բողոքներին` դրանք դիտելով որպես վտանգ սեփական իշխանության հանդեպ,

– Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանները, համատիրությունները, դպրոցներն ու մանկապարտեզները գրեթե ամբողջությամբ կուսակցականացված են ՀՀԿ-ական քարոզչությամբ և աշխատակազմով, ինչը կոպտորեն խախտում է պետության և կուսակցությունների սահմանազատման կարևորագույն սկզբունքը, շահերի բախում է ստեղծում և կոռուպցիոն գործարքների համար պարարտ հող ապահովում,

– Երևանի ավագանու անդամները անցած տարիների ընթացքում չեն կարողացել երբևէ բարձրացնել հանրությանը հուզող հարցերից որևէ մեկը, այլև գործել են որպես քաղաքապետի որոշումները դակողներ, ավագանու անդամներից շատերը սեփական շահերի համար են օգտագործել ավագանին և չեն օգտագործել Երևանի մասին օրենքով իրենց տրված վերահսկողական գործառույթները:

Տեսնելով կանաչ տարածքների ոչնչացման մասին, հանրային ոլորտի կառավարման մասին, պատմական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի մասին և քաղաքային տնտեսության մասին մինչ օրս երևանցիների բարձրացրած հարցերին Երևանի քաղաքապետարանի արձագանքն ու քայլերը` կարելի է եզրակացնել, որ.

– քաղաքում համակարգված կառավարում տեղի չի ունենում, մի ձեռքը չգիտի, թե մյուսն ինչ է անում,

– քաղաքապետարանը չի կարողանում դեմ գնալ գործարարների շահերին և հենվել օրենքի ու հանրային կարծիքի վրա, որոշումները հիմնականում ծառայում են մասնավոր անձանց ու բիզնեսի շահերին` շարունակաբար կրճատելով հանրային տարածքներն ու դրանց խնամքը,

– քաղաքապետարանը արհամարհում է ՀՀ օրենքները, Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքը, տարրական շինարարական ու քաղաքաշինական նորմերը:

Արդյունքում Երևանը ենթարկվում է այնպիսի փոփոխությունների, որոնք էկոլոգիապես, մշակութային և տնտեսական առումով աղետալի են Երևան համայնքի բնակչության համար: Երևանը կորցնում է իր ինքնությունը և հարմարեցվում օլիգարխիկ-գավառական ճարտարապետության քաղաքային ենթամշակույթին:

Համայնքային բյուջեն և համայնքի սեփականությունը օգտագործվում են մի քանի անձանց շահերին և ոչ սոցիալական արդարությանն ու համերաշխությանը ծառայեցնելու համար: Երևանում իրավական և քաղաքական տեսակետից կառավարում չի իրականացվում, այլև գործում է միայն կազմակերպված քաոս:

Մենք` ներքոստորագրյալներս, որպես Երևանի իրավագիտակից բնակիչներ, մինչ օրս մեր ջանքերով և սեփական նախաձեռնությամբ ստիպված ենք եղել հիշեցնել Երևանի քաղաքապետարանի կողմից օրենքով սահմանված պարտականությունների մասին: Թվարկված բոլոր օրինախախտումները ենթադրում են պատասխանատվություն ընդունված որոշումների և կատարված գործողությունների համար»:

Տեսանյութերը ՝«Մենք ենք այս քաղաքի տերը» և «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների