Ապրիլի 26-ի ցրտահարությունը Արարատի մարզի մի քանի համայնքներում ուղեկցվել է նաև կարկտահարությամբ, որի հետևանքով ծիրանի և խաղողի բերքը վնասվել է:
Epress.am-ի թղթակիցը այցելել է մարզի մի քանի համայնքներ և զրուցել տեղացիների հետ, ովքեր նշել են, որ համայնքներում հակակարկտային կայանների բացակայության թեման շարունակում է արդիական մնալ:
Կարկուտի հետևանքով տուժել են Դվինի, Նորաշենի, Վերին Արտաշատի, մասամբ նաև Քաղցրաշենի այգիները: Կարկտահարության դեպքից հետո գյուղացիները դիմել են Արարատի մարզպետ էդիկ Բարսեղյանին, ով, ըստ գյուղացիների (նրանք հրաժարվել են իրենց անունները հրապարակել) խոստացել է, որ հնարավորություն ունենալու դեպքում հենց այդ համայնքների մոտ կտեղադրեն հակակարկտային կայանները:
Գյուղացիներն ասել են, որ թեև կարկուտ եկել է նշված չորս գյուղերի փոքր հատվածում, սակայն այդ տարածքում մեծ վնաս է հասցրել՝ ոչնչացնելով պոտենցիալ բերքի մոտ 90%-ը:
Գյուղատնտեսության նախարության բուսաբուծության վարչությունից թեմային անդրադառնալով՝ մեզ ասել են, որ արդեն 6 տարի է՝ հակակարկտային կայանների տեղադրմամբ զբաղվում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, այլ ոչ թե մարզպետարանները:
Ինչ վերաբերում է աղետների հետևանքով վնասի փոխհատուցմանը՝ ապա, նախարարության ներկայացուցչի խոսքով, փոխհատուցում աղետից հետո չի տրվում:
«Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Արարատի մարզում գործում են 48 հակակարկտային կայաններ, որոնք հիմնականում ընկած են պաշտպանության առաջին գոտում՝ Արարատի մարզի սահմանին: Օդային պաշտպանություն իրականացնելու համար Արարարտի մարզում պետք է դեռ տեղադրվի մոտ 110 կայան: Հովսեփյանի խոսքով՝ մեկ կայանքն իրականացնում է պաշտպանություն 100 հեկտարի համար, և մեկ կայան կառուցելը արժե մոտ 7 միլիոն դրամ: Նշված տարածքում, մասնագետի խոսքով, պաշտպանություն իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3-4 կայան:
Հովսեփյանի խոսքով՝ կայաններ նախատեսվում է կառուցել առաջիկա 3-4 տարիների ընթացքում: