Սահմանադրական դատարանը, բանավոր ընթացակարգով քննելով փաստաբաններ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի բերած հայցը, բացահայտել է խնդրո առարկա օրենքի սահմանադրաիրավական բովանդակությունը և բացատրել է, թե ինչ ընթացակարգով այն պետք է քննվի հետագայում:
Փաստաբանները պահանջում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացրած վճիռները և Սահմանադրական դատարանի որոշումներն ընդհանուր իրավասության դատարանների կողմից անպայմանորեն դիտվեն որպես նոր հանգամանք՝ գործերի քննությունը վերսկսելու և նոր դատական ակտեր կազմելու համար: Մինչ օրս անգամ եթե բողոքող անձը շահում էր վճիռը ՍԴ-ում կամ ՄԻԵԴ-ում, հայաստանյան դատարաններն այդ գործերը կրկին չէին քննում կամ քննելու դեպքում կայացնում էին նոր որոշում:
Ինչպես Epress.am-ին հայտնել է Արտակ Զեյնալյանը, դատարանը այսպիսով ևս մեկ անգամ անդրադարձել է այն երաշխավորություններին և ընթացակարգին, որը վիճարկվող օրենքը սահմանում է:
Համաձայն օրենքի, ՄԻԵԴ-ի վճիռներից և Սահմանադրական դատարանի որոշումներից հետո՝ գործերի վերաքննությունը ընդհանուր իրավասության դատարանում կարող է հանգեցնել նույն եզրակացությանը, սակայն այն պետք է հիմնավորել «ծանրակշիռ փաստարկներով»:
Մեր հարցին, թե արդյոք հայցը ներկայացրած կողմը գոհ է Սահմանադրական դատարանի որոշումից, Զեյնալյանը պատասխանել է, որ թեև որոշումը հիմք չի լինի իրենց կողմից նշված բողոքի գործը վերանայելու համար, սակայն այն էական նշանակություն կունենա դատարանների դրսևորած գործելակերպի վրա այլ գործերի քննության դեպքում:
Հիշեցնենք, որ փաստաբանների հայցը վերաբերում էր «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ներկայացուցիչներ՝ 2008 թվականի Մարտի 1-ի գործով անցած քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա միավորված գործին: Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով հաստատել է, որ թեև Աշոտ Մանուկյանի նկատմամբ կիրառված 309 պրիմ հոդվածը (դատաքննության ընթացքում մեղադրանքը փոխելու մասին) հակասահմանադրական չէ, սակայն այն սխալ էր կիրառվել:
Արա Ղարզարյանը հիշեցրել է, որ երբ Մանուկյանի գործը մտել է դատաքննության փուլ, դատախազը միջնորդել է մեղադրանքը փոխելու մասին (Մանուկյանը մեղադրվում է ոստիկանին չենթարկվելու մեջ): Մեղադրանքին ավելցավել էր մարմնական վնաս հասցնելու մասին հոդվածով: Մանուկյանն այդ հոդվածներով դատապարտվել էր և բողոք ներկայացրել ՍԴ, որը բավարարվել էր, սակայն հետագայում Վճռաբեկ դատարանը գործը չէր վերաքննել:
Նույն խնդիրն էլ Բարեղամյանի դեպքում էր ծագել: