Home / Հայաստան / Մենք մեղավոր չենք, որ չենք զոհվել. կառավարության շենքի դիմաց բողոքում են (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Մենք մեղավոր չենք, որ չենք զոհվել. կառավարության շենքի դիմաց բողոքում են (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա անցկացնող ազատամարտիկները պահանջել են անմխիթար պայմաններում չթողնել հայրենիքի համար կռված մարդկանց ու իրենց ընտանիքները, բարձրացնել թոշակները, ապահովել անվճար բուժօգնություն:

Ազատամարտիկները իրենց իրավունքների համար պայքարը արդյունավետ դարձնելու համար ստեղծել են  նոր միավորում ՝«Շուշի 1992», որը շուտով կունենա էլեկտրոնային կայք, տեղեկատվություն կտարածի: Միավորումն ունի իրավապաշտպաններ, իրավաբաններ, բժիշկների թիմ, ովքեր  համակարգելու են գործընթացները ուղղված ազատամարտիկների կեցության պայմանների բարելավմանը:

«Մենք մեղավոր չենք, որ չենք զոհվել, կամ չենք վիրավորվել, բայց հարցրեք՝ ինչքան թոշակ ենք ստանում, որ դեղերի չի բավարարում: Հիմա կոչ եմ անում հասարակությանը, ոնց որ մենք ենք ձեզ համար կռվել, հիմա էլ դուք մեր համար պայքարեք: Մեր հարցը պետք է լուծվի, քանի որ եթե վաղը, մյուս օրը պատերազմ եղավ, էլի էս տղեքն են գնալու կռվելու», – լրագրողների հետ զրույցում ասել է ազատամարտիկ Իշխան Սարգսյանը:

Նա կարծիք է հայտնել, որ կառավարության անտարբերությունը ազատամարտիկների հանդեպ  փոխանցվել է նաև ժողովրդին: Եթե մի ժամանակ ազատամարտիկների կենացն ամեն սեղանի առաջին կենացն էր, ապա այժմ կռված մադկանց չեն հիշում:

Ազատամարտիկ Գրիգոր Գևորգյանը նշել է, որ իրենց հարգում են այլ կառավարությունները: Օրինակ, ինքը մեդալ է ստացել Իրաքից՝ այնտեղ 2005 թվականին խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար: