Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու երեկվա հայտարարությանն արձագանքելով՝ արվեստագետ Կարեն Անդրեասյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում բացատրել է՝ որ դեպքում հավանական կլիներ, որ ինքը կողմ լիներ այդ կառույցին և Եվրաասիական միությանը միանալուն.
«Ես կարող ա կողմ լինեի ԵվրազԷս-ի նախագծին, եթե այն առաջին՝ առաջ բերվեր հանրությունների կողմից, որոնք ազատագրվել են գաղտնի ծառայությունների իշխանությունից, և երկրորդ՝ դիտվեր իբրև խորհրդային ավանգարդի շարունակություն»:
Իր մեկնաբանության տակ Անդրեասյանը տեղադրել է գերմանացի արվեստագետ Ջոզեֆ Բոյսի «Eurasia Siberian Symphony» գործը (լուսանկարում):
Epress.am-ը Հայաստանի որոշման մասին հարց է ուղղել հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանին, ով ասել է, որ Մաքսային միությանը միանալը տնտեսական որոշում չէ, այլ քաղաքակրթական ուղին ընտրելու որոշում, և հետևաբար՝ տնտեսական գործոնները մղվում են երկրորդ պլան:
Նեդոլյանը նշել է, որ այդ գործոնները քննարկել չարժի, քանի որ Հայաստանը, Մաքսային միությանը միանալով, ընտրում է քաղաքակրթական վեկտոր: Ռուսաստանի այդ վեկտորը, ըստ հրապարակախոսի, իրականում կործանման է տանում:
Ըստ Նեդոլյանի՝ որևէ միության միանալու որոշումը կարող է կայացնել միայն լեգիտիմ իշխանությունը, իշխանությունը, որն առաջնորդվում է հասարակության կարծիքով, ինչը չկա Հայաստանի գործող իշխանության դեպքում:
«Երկրորդ՝ Ռուսաստանում ևս գործում է ոչ լեգիտիմ իշխանություն, որը կռվում է սեփական հասարակության հետ, հակաժողովրդական է, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում», – ասել է Նեդոլյանը:
Մշակութաբան Վարդան Ջալոյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ դեմ է Եվրասիական միությանը միանալուն, քանի որ այն ստեղծելու գաղափարը քաղաքական նպատակ է հետապնդում՝ մեծացնել Ռուսատանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում, ինչն ավելի ակտուալ է դառնում այդ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և դրանցում Արևմուտքի միջամտության մեծացման ֆոնին: