Home / Հայաստան / Ինչպիսին պետք է լինի հայկական ազգայնականությունը. իրավապաշտպանի վարկածը

Ինչպիսին պետք է լինի հայկական ազգայնականությունը. իրավապաշտպանի վարկածը

Հայաստանի նախագահը, ով գտնվում է Ռուսաստանի հովանավորության տակ, կարող է փոխել իրավիճակը երկրում՝ իր տերերին դավաճանելով: Ադրբեջանական Haqqin.az կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հ/կ նախագահ Գեորգի Վանյանը:

Նրա խոսքով՝ անգամ այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանը հայտարարեց Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանն անդամագրվելու մտադրության մասին, Հայաստանը չի կորցնում Եվրոպային ինտեգրվելու հնարավորությունը: «ԵՄ երկրները դեռ իրենք են որոշում՝ բացել իրենց դուռը, թե ոչ: Մտնել կամ ոչ` կարող է որոշել Հայաստանը, այն բանից հետո, երբ ազատվի Ռուսաստանի օկուպացիայից, կհարթի խնդիրներն ու հակամարտությունները հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»:

Եվրամիության հետ համագործակցությունից ստացված շահույթներին անդրադառնալով՝ Վանյանը նշել է Հայաստանի համար գաղափարական այլընտրանքի հնարավորության մասին: «ԵՄ արժեհամակարգը հակամարտությունների՝ խաղաղ ճանապարհով լուծումն է: ԵՄ արժեհամակարգը ժողովրդավարությունն է: Հայաստանն այս փուլում կարող է և պետք է ԵՄ-ն ընդունի որպես գաղափարական այլընտրանք»:

Միևնույն ժամանակ, իրավապաշտպանի կարծիքով,  չնայած «ռուսական օկուպացիային»՝ միջազգային հանրությունը թույլ չի տա հայկական պետականության ոչնչացումը:

«Հենց այդ պատճառով Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները չեն կարող բերել հակամարտության կարգավորմանը: Պատերազմը կործանարար է լինելու, տևական հումանիտար աղետ, որին մասնակցելու են բոլոր աշխարհաքաղաքական խաղորդները:

Մյուս կողմից, քաղաքական որոշումներ ընդունելու հնարավորություն ունեն միայն մեր երկրների նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը: Նրանցից յուրաքանչյուրը, մյուսից անկախ, հնարավորություն ունի փոխել իրավիճակը: Այո, անգամ Սերժ Սարգսյանը, ով այժմ ունի Հայաստանում ռուսական «պոլիցայի» կարգավիճակ, կարող է դա անել:

Դրա համար Հայաստանում քաղաքական ուժեր են պետք, որոնք բոլորովին ազատ կլինեն այն մտածելակերպից, որ Ռուսաստանը անվտանգության միակ հնարավոր ապահովողն է: Պոլիցայը կարող է դավաճանել իր տիրոջը, եթե գոնե կիսով չափ վստահ լինի, որ կապրի, ու որ այս «դավաճանությունը» կփոխի իրավիճակը: Ներկայումս, Հայաստանի նախագահն ով էլ լինի, նա այսպիսի վստահություն չի կարող ունենալ:

Հայաստանի ապագան ինքնորոշման մեջ է: Քաղաքացիները, քաղաքական մտքի ու քաղաքական գործիչների միջոցով, պետք է խաղաղության մասին իրենց պահանջն արտահայտեն՝ խաղաղություն առանց նախապայմանների, խաղաղություն առանց օկուպացիայի: Այդպիսին պետք է լինի հայկական ազգայնականությունը: Հայաստանի ապագան այսպիսի ազգայնականության մեջ է»,- ասել է Գեորգի Վանյանը: